Նմանատիպ պնդումներ բազմիցս հերքված են գիտնականների կողմից: Չնայած դրան, կրոնական գործիչներն ու քարոզիչները դեռ շարունակում են այդ կեղծ պնդումները մատուցել հավատացյալներին: Խաբեության շատ նուրբ ու վարժ եղանակներով է սուտը պատվաստվում հասարակության մեջ: Եղանակներից ամենատարածվածը ապացույցի կանոնի խախտումն է, երբ ապացույցի արդյունքային արտահայտությունը կիրառվում է ապացույցի մեջ՝ մինչ դրան հանգելը: Հաճախ օգտագործվող խաբեության եղանակներ են նաև՝ մատուցվող խոսքն առավել համոզիչ դարձնելու միտումով ավելորդ գիտական տերմինների և արտահայտությունների կիրառումը, կեղծ տեղեկատվության վերագրումը անվանի գիտնականներին, այլ հայացքների համակարգերի տարածումը կասեցնելու հակվածությանը հլու՝ դրանց կրողների ու նրանց տեսության անխնա ու շինծու վարկաբեկությունը, տեսության նպատակի խեղումը (հիմնականում բարոյական արժեքների տեսանկյունից), ապացույցի մեջ զգացմունքային, պերճախոս արտահայտությունների անտեղի կիրառումը և, որ ամենասարսափելին է, գիտական կեղծ տվյալների տարածումը: 



Թովմա Աքվինացի- Շրջապատող աշխարհում նկատելի են առարկաների և շնորհների տարբեր մակարդակներ: Մենք մակարդակների մասին դատում ենք միայն համեմատելով դրանք բացարձակ կատարելության հետ: Մարդկային բնությանը հատուկ է ե՛վ լավը, ե՛վ վատը, հետևաբար մարդը չի կարող օժտված լինել բացարձակ շնորհով: Այդ իսկ պատճառով որպես կատարելության օրինակ պետք է հանդես գա այլ գոյություն: Մենք նրան անվանում ենք Աստված:

Վերլուծություն- Մակարդակների մասին մենք կարող ենք դատել՝ որպես չափանիշ ընդունելով ցանկացա՛ծ արժեք ու դրա հետ համեմատել մնացած բոլոր արժեքները:


Նիցշեն գրել է. «...հակագործունեության անկարողությունը դարձվում է բարոյականություն… խորագույն ինքնապաշտպանական բնազդն արգելում է, որ իրականությունը, ինչ հարաբերակցության մեջ էլ որ լինի, հարգանք վայելի կամ, թեկուզ, տեղեկացնի իր մասին… սեփական աշխարհայացքն օծում են «աստված», «փրկություն», «հավերժություն» տերմիններով, թույլ չեն տալիս, որպեսզի ինչ-որ ուրիշ օպտիկա հավակնի արժեքին… քրիստոնեության մեջ հպատակվողների ու ճնշվածների բնազդներն առաջնային պլան են մղվում…»

Մարդկային լավ ու վատ հատկանիշները (բարոյական հատկանիշները) չեզոք հասկացություններ են կամ տաբուներ, դրանք մեր գնահատականներն են երևույթներին և իրերին, հետևաբար դրանց բացարձակի մասին խոսելն անհեթեթություն է: Աշխատել մարդկանց որևէ ցավ չպատճառել և հնարավորինս ազատել նրանց ցավից՝ բարոյականության ընդհանրացված նորմն է շատերիս համար և, եթե նույնիսկ այն համամարդկային է, դեռ չի նշանակում, որ անկախ է այն ընդունող մարդկանցից կամ որպես ճշմարտություն ունի որոշակի գնահատական: Հազարավոր տարիների ընթացքում և միայն կոլեկտիվի շնորհիվ են ձևավորվել բարոյական նորմերն ու փոխանցվել հետագա սերունդներին: Մինչ բարոյական նորմերի վերածվելը, դրանք հետապնդել են զուտ շահեկան նպատակներ: Այդ նորմերը նախնադարյան մարդն ամենից առաջ օգտագործել է թշնամուց համեմատաբար քիչ վնաս ստանալու նպատակով: Բարոյական զգացողությունը երեխայի մոտ ձևավորվում և զարգանում է հիմնականում նախադպրոցական տարիքում: Բարոյականության մասին Էյնշտեյնն այսպես է արտահայտվել. «Մարդու էթիկական վարքը պետք է ձևավորվի խղճի, ուսման և միջանձնային կապերի վրա: Դրա համար ոչ մի կրոնական հիմք պետք չէ: Մարդկանց համար շատ անտանելի կլինի, եթե նրանց դա համոզեն գեթ վախի ուժով, պատժով և մահից հետո ըստ արժայնվույն փոխհատուցման հույսով»:

Ինքնախաբեությունը և ընդհանրապես խաբեությունը ավելի գերադասելի չէ և երբեք մարդուն իր արժեքից վեր չի բարձրացնի: Եվ մի՞թե մոլորությունից հրաժարվելը մարդուն չի բարձրացնում թե՛ մտավոր և թե՛ բարոյական տեսակետից:

Շարունակությունը՝ այստեղ
Աղբյուր` Հեղինակ՝ Արև Սողոյան