Նմանատիպ պնդումներ բազմիցս հերքված են գիտնականների կողմից: Չնայած դրան, կրոնական գործիչներն ու քարոզիչները դեռ շարունակում են այդ կեղծ պնդումները մատուցել հավատացյալներին: Խաբեության շատ նուրբ ու վարժ եղանակներով է սուտը պատվաստվում հասարակության մեջ: Եղանակներից ամենատարածվածը ապացույցի կանոնի խախտումն է, երբ ապացույցի արդյունքային արտահայտությունը կիրառվում է ապացույցի մեջ՝ մինչ դրան հանգելը: Հաճախ օգտագործվող խաբեության եղանակներ են նաև՝ մատուցվող խոսքն առավել համոզիչ դարձնելու միտումով ավելորդ գիտական տերմինների և արտահայտությունների կիրառումը, կեղծ տեղեկատվության վերագրումը անվանի գիտնականներին, այլ հայացքների համակարգերի տարածումը կասեցնելու հակվածությանը հլու՝ դրանց կրողների ու նրանց տեսության անխնա ու շինծու վարկաբեկությունը, տեսության նպատակի խեղումը (հիմնականում բարոյական արժեքների տեսանկյունից), ապացույցի մեջ զգացմունքային, պերճախոս արտահայտությունների անտեղի կիրառումը և, որ ամենասարսափելին է, գիտական կեղծ տվյալների տարածումը:

 


Դեկարտ- Հնարավոր չէ, որ մեր մեջ գտնվող Աստծո գաղափարը չունենա պատճառ հենց Աստծո մեջ, այսինքն այն, որ մենք ընդհանրապես կարող ենք քննարկել Աստծո մասին, արդեն ապացուցում է նրա գոյությունը:

Վերլուծություն- Ըստ այս դատողության եղանակի, կարելի է դատել նաև այսպես. եթե աստծո մեջ եղել է մարդու գաղափարը, որին նա ստեղծել է, ապա հնարավոր չէ, որ այդ գաղափարը պատճառ չունենար հենց մարդու մեջ, այսինքն այն, որ ընդհանրապես կարող էր քննարկել մարդու մասին, արդեն ապացուցում է մարդու գոյությունը, վերջինիս ստեղծվելուց առաջ:

Դեկարտ- Մարդը կարող է կասկածել, այսինքն գիտակցել իր ոչ կատարյալ լինելու հատկությունը, միայն ելնելով ինչ-որ ավելի վեհ իրողության գաղափարից, քան ինքն է:

Վերլուծություն- Կատարյալի մասին գաղափարը մարդն է առաջարկել: Սեփական ոչ կատարյալության գիտակցմանը նա հանգում է միջանձնային հարաբերությունների միջոցով, որովհետև մարդիկ ունեն մտածողության նույն համակարգը, որի հետևանքով հանդիպում են սահմանների, տեսնում են սեփական ուժերի տարբերությունը մեկը մյուսի նկատմամբ: Նրանք ոչինչ չգիտեն ո՛չ գալիք առավել լավի, ո՛չ էլ կատարյալի մասին, այլ միայն հու՛յս ունեն, որ կա կատարյալը: Ոչ կատարյալության գաղափարից է ծագում կատարյալինը, ոչ թե հակառակը:

Դեկարտ- Նվազ կատարյալից առավել կատարյալը ստեղծվել չի կարող, այսինքն, մարդը կատարյալ չլինելով, չի կարող առաջարկել կատարյալի գոյությունը:  

Վերլուծություն- Իհարկե, մենք չենք պնդում, թե պարզ սուբստանցիայից ուղիղ ճանապարհով կարող է ստեղծվել բարդը, այլ՝ որ պարզ սուբստանցիաների փոխազդեցությունը կարող է բերել դրանց բարդացմանը: Բայց այստեղ ընդհանրապես խոսք չի գնում նյութականի մասին:

Անձնական փորձից մարդը գիտի, որ ձեռնարկելով տարբեր քայլեր, նա կարող է հանգել օպտիմալության տարբեր մակարդակներ ունեցող, ինչպես նաև առավել օպտիմալ արդյունքի: Դա նրան ստիպում է հետևություն անել, որ կա առավել օպտիմալ վիճակ, և, քանի որ նրան ծանոթ է նաև սահման հասկացությունը, այդ երկու եզրակացություններից նա կարող է գալ ընդհանուր եզրահանգման, որ կարող է լինել նաև կատարյալը: Բայց գաղափարը դեռ չի խոսում գոյության մասին: Առաջարկել գոյությունը, չի նշանակում համաձայնվել դրա հետ կամ ստեղծել այն:

Շարունակությունը՝ այստեղ
Աղբյուր` Հեղինակ՝ Արև Սողոյան