Չնայած սիկհիզմը հանդիսանում է մեծությամբ աշխարհի 5-րդ կրոնը, քչերն են դրանից լավատեղյակ:

Սիկհերին հաճախ շփոթում են մահմեդականների հետ` նրանց կրած ավանդական գլխաշորի` թյուրբանի, պատճառով: Նույն գործոնով պայմանավորված՝ նրանք պարբերաբար դառնում են նաև իսլամատյացների թիրախ, ինչի ականատեսը եղանք 2012-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկության ժամանակ, երբ քրիստոնյա ծայրահեղականը գնդակահարեց բազմաթիվ սիկհերի՝ նրանց շփոթելով մահմեդականների հետ։

Սիկհիզմը միաստվածական կրոն է: Այն քարոզում է, որ կա տիեզերքի միայն Մեկ արարիչ, և, որ բոլորը՝ թե՛ մահմեդականները, թե՛ հինդուիստները, թե՛ այլոք, հավատում են հենց այդ Մեկին:

Սիկհիզմը հիմնադրվել է 1499 թ-ին, Նանակ գուրուի կողմից, որը, ըստ հավատալիքի, 30 տարեկանում ունեցել էր հայտնություն, երբ մտել էր գետ` ծիսական մաքրազատման նպատակով և երեք օրով տեղափոխվել Աստծո պալատ, համտեսել աստվածային նեկտար և Աստծուց ստացել հրահանգներ:

Եռօրյա բացակայությունից վերադարնալով՝ նա հայտնեց, որ Աստված ՄԵԿ է, և բացի նրան փառաբանելուց և ծառայելուց, մարդիկ պարտավոր են ծառայել նաև միմյանց:

Սա է սիկհիզմի հիմնական գաղափարը: Մյուսներին ծառայելով է հնարավոր ազատվել եսասիրությունից, կոտրել ռեինկարնացիաների անվերջ շրջանը և միավորվել Աստծո հետ:

Սիկհերն Աստծուն պատկերացնում են որպես անսեռ էակ` ժամանակից և տարածությունից դուրս, որին հնարավոր չէ լիովին հասկանալ: Ըստ նրանց, կարիք էլ չկա Աստծուն հասկանալու վրա շատ ջանք ծախսել, քանի որ մահկանացուի համար դա անիրականալի է: Աստծուն մեկնելու ճիգերը միայն կխանգարեն իրագործել նրա պատգամները:
Փոխարենը, պետք է ապրել հավատով դեպի արդարություն, մարդասիրություն և հավասարություն
Նրանք նաև քարոզում են զգուշանալ 5 արատներից, որոնք հանդիսանում են ներդաշնակության և Աստծո հետ միության հասնելու խոչընդոտ: Դրանք են`
• եսասիրությունը
• զայրույթը
• ագահությունը
• կապվածությունը
• հեշտասիրությունը

Ըստ նրանց, մարդկությունն այժմ գտնվում է Կալի Յուգայի (խավարի) ժամանակաշրջանում, երբ մարդիկ տարված են ոչ թե Աստծով, այլ այդ 5 արատներով:

Սիկհերը չեն ընդունում դրախտի կամ դժոխքի գոյությաունը, կաստաների համակարգը, սեռերի անհավասարությունը:
Ի տարբերություն շատ այլ կրոնների, այլադավաններին հավատափոխ անելը նրանց չի հետաքրքրում: Սիկհը պետք է ապրի մարդկանց ծառայելով՝ օգնելով նրանց հասնել սոցիալական արդարության և հավասարության: Նրանք դա պարտավոր են անել ոչ միայն իրենց հավատակիցների կամ մերձավորների համար, այլև բոլորի` անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից:

Իսկական սիկհը, պետք է իր մոտ պարտադիր ունենա 5 առարկա` իր չկտրած մազերը, սանր, երկաթյա կլոր ապարանջան, բամբակից հատուկ ներքնաշոր և դաշույն` կարիքի դեպքում սեփական կյանքը կամ արդարությունը պաշտպանելու համար: Նրանց գլխաշորը ոչ միայն երկար մազերը կոկիկ պահելու համար է, այլև նպատակ ունի տարբերել սիկհին ամբոխում, որպեսզի կարիքավորները հեշտությամբ նկատեն և օգնության կանչեն:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը կարևորագույն հանգամանք է, որը սիկհիզմն առանձնացնում է մյուս կրոններից: Սիկհ կանայք ազատագրված են ստորադաս ծառայի դերից, որպիսին կանանց պարտադրում է կրոնների մեծամասնությունը:
Ի թիվս այլ իրավունքների, կանայք կարող են նաև կատարել կրոնական ծառայություններ, ճիշտ ինչպես տղամարդիկ: Անգամ ամուսնանալիս սիկհ կանայք ամուսնու ազգանունը չեն վերցնում, այլ պահպանում են իրենցը:

Սիկհիզմն ունեցել է 10 մարդ-գուրուներ: Այս թիվը վերջնական է և նորերը չեն սպասվում: 11-րդ, "կենդանի", գուրու համարվում է նրանց սուրբ գիրքը` Գրանթ Սահիբը, որը գրվել է սիկհ գուրուների կողմից և լրացվել որոշ հինդու և մահմեդական սրբերի գործերով:

Կենդանի գուրուն` Գրանթ Սահիբը, ունի մեծ նշանակություն սիկհերի կյանքում: Նրա գտնվելու վայրը համարվում է սրբավայր, նրան մեջքով դառնալն արգելվում է, իսկ տոներից առաջ սիկհերը պարտավոր են այն ամբողջության վերընթերցել, որը տևում է միջինը 48 ժամ:
Գրքի օգնությանն են դիմում նաև նորածիններին անվանակոչելիս. պատահական բացված գրքի էջի առաջին տառով որոշելով երեխայի անունը:
Բոլոր սիկհ տղաների անվանը վերջում նաև կցվում է "Սիգհ" (առյուծ), իսկ կանանց դեպքում` "Կաուր" (արքայադուստր) բառը։ Այս ավանդույթի շնորհիվ, սիկհերը ձերբազատվել են հինդուիստական ավանդական կաստային համակարգից, որը մարդկանց հոր ազգանվան հետ մեկտեղ, պարտադրում էր նաև ծնողի մասնագիտությունը և հասարակության մեջ գրաված դիրքը:

Ըստ նրանց, չկան ընտրյալներ.
թագավորներ, մարգարեներ, աղքատներ և հարուստներ, կան պարզապես մարդիկ` հավասար Աստծո առջև:

Սիկհերի թիվը ներկայում հասնում է 30 միլիոնի, որոնց 75%-ը կենտրոնացած է Հնդկաստանի Փենջաբ նահանգում: