Զրադաշտությունն աշխարհի հնագույն միաստվածական կրոնն է: Այն իր անվանումը ստացել է պարսիկ մարգարե Զրադաշտից (Զարդոշտ, Zoroaster, Заратустра), ով եղել է դրա հիմնադիրը:

Ըստ մեզ հասած տվյալների, Զրադաշտը եղել է հոգևորական, սակայն 30 տարեկանում ունեցել է աստվածային հայտնություն և սկսել է քարոզել իր նորահայտ համոզմունքները:
Նա կոչ է արել հրաժարվել հին աստվածներից, որոնց անվանել է չար հոգիներ, և քննադատել է կենդանիների զոհաբերությունն ու մյուս կրոնական ծեսերը:
Հայրենիքում (տարբեր տվյալներով`արևելյան Իրան, Ավղանստան, ղազախական տափաստաններ) նրա գաղափարները թշնամանքով են ընդունվել, և նա ստիպված լքել է այն` հանգրվանելով հարակից թագավորությունում, ուր գտել է երախտապարտ հետևորդներ ի դեմս Վիշտասպա թագավորի և նրա հպատակների: Երկար տարիներ հաջողությամբ քարոզելուց հետո, Զրադաշտը սպանվել է այլադավան հոգևորականի կողմից, հենց մեհյանում` ուր նա աղոթում էր:

Համաձայն զրադաշտության, բարու և չարի միջև տիզերական պայքար է մղվում:
Պայքարի հիմնական մասնակիցներն են Հավիտենական, Բարի և Իմաստուն Աստված Որմիզդը (Ahura Mazda) և նրա ախոյանը` ավերիչ Ահրիմանը (Angra Mainyu):
Այս պայքարին մասնակից է նաև մարդկությունը: Յուրաքանչյուր ոք, բարու կամ չարի միջև ամենօրյա ընտրությամբ` նժար փոքր ինչ թեքում է հօգուտ մեկի, կամ մյուսի:
Ըստ Զրադաշտի, պայքարն անխուսափելիորեն ավարտվելու է Որմիզդի (բարու) հաղթանակով, երբ նա վերջնական մենամարտում կհաղթի Ահրիմանին, կվերացնի չարը և կվերականգնի տիեզերական կարգուկանոնը` միացնելով երկիրը երկնքի հետ:

Չնայած նրան, որ տիեզերքը ստեղծվել էր Որմիզդի կողմից, նա բնավ ամենակարող չէր: Առնվազն, ունակ չէր միայնակ հաղթել չարի դեմ պայքարում, որը վաղուց էր ընթանում և ուներ անորոշ ավարտ: Պայքարում բեկում մտցվեց, երբ ծնվեց Զրադաշտը, և, երբ Որմիզդը նրան անտառում այցելեց (ուր Զրադաշտը մեկուսացել էր` չար հոգու գայթակղությունների դեմ պայքարելու համար) և հանձնեց «սուրբ գրերը», որոնք Զրադաշտը պետք է քարոզեր մարդկությանը, ում օգնությամբ էլ նախատեսվում էր վերջնական հաղթանակի ձեռքբերումը:

"Բարի մտքեր, բարի խոսքեր, բարի գործեր", այսպես է ձևակերել Զարդոշտ մարագարեն կրոնի հիմնական գաղափարախոսությունը:
Անհատից նաև պահանջվում է մարմնական ցանկություններում լինել չափավոր, օգնության ձեռք մեկնել և սիրել մարդկանց, լինել ճշմարտախոս, ազնիվ գործերում և երբեք չխախտել խոստումները:
Զրադաշտականը պետք է հետապնդի նաև 3 նպատակ.
1. թշնամուն դարձնել ընկեր
2. անարդարին` արդար
3. տգետին` բանիմաց

Այսպես, զրադաշտականներն առանձնացնում են «բարոյական պայքարը», որպես հիմնական ուսմունք, իսկ «ազատ կամք»-ի գաղափարը, ինչպես քրստոնեությունում, այդպես էլ այստեղ, կրոնի փիլիսոփայության հիմնաքարերից է, որով Զրադաշտն ընդգծում է անհատի բարոյական ընտրության անհրաժեշտությունը:

Իրենց հանգուցյալներին հողին, կրակին կամ ջրին հանձնելու և դրանք «ապականելու» փոխարեն` զրադաշտականները կազմակերպում էին «երկնային հուղարկավորություն»` տեղադրելով դիերը բարձր աշտարակների` «դուխմա»-ների վրա, ուր դրանք դառնում էին սնունդ անգղների և այլ լեշակեր կենդանիների համար:
Ներկայումս Պարսկաստանում դուխմաներ չեն գործում, վերջինը փակվել է 1970 թվականին:

Զրադաշտությունն ունեցել է ահռելի ազդեցւթյուն տարածաշրջանի մշակույթի և կրոնների վրա: Աբրահամնյան կրոնները` հուդայականությունը, քրիստոնեությունը և իսլամը, նույնպես բացառություն չեն: Այստեղից են փոխառվել Հին Կտակարանյան հրեշտակներն իրենց հիերարխիայով, սատանայի գաղափարը, պայքարը չարի դեմ, Ազատ Կամքը, Վերջին Դատաստանը, մարմնի հարության գաղափարը և այլն:
Իսլամը փոխառել է նրանցից օրեկան 5 անգամ աղոթելը և դրանից առաջ ջրով մաքրազատվելը:

Հայաստանը, գտնվելով Պարսկաստանի հարևանությամբ, նույնպես զերծ չի մնացել զրադաշտության ազդեցությունից:
Հայկական հեթանոսական աստվածների պանթեոնի գլխավոր Աստված է սկսել համարվել Արամազդը, որը Որմիզդի հայացված տարբերակն է: Զրադաշտությունից են փոխառվել նաև աստվածներին սպասարկեղ հոգիները` հրեշտակներն ու դևերը, որոնք Ավեստայում հանդիպող «ֆերիշտե» և «դեվա» բառերն են, նույն նշանակությամբ:
Բացի այդ, քիչ չեն եղել նաև պարզ զրադաշտություն դավանողները, հատկապես պարսկական ծագում ունեցող թագավորական և իշխանական գերդաստաններում:

Զրադաշտությունը հաճախ թյուրիմացաբար անվանում են կրակապաշտություն, հիմնվելով նրա վրա, որ մեհյաններում օրուգիշեր կրակ է վառվում: Սակայն սա իրականությանը չի համապատասխանում:
Զրադաշտության մեջ կրակը չի պաշտվում և դրան կամ արևին աղոթքներ չեն հղվում: Կրակին, ջրի հետ մեկտեղ, վերագրվել է մաքրազատող հատկություն, այն ունեցել է ծիսական նշանակություն և համարվել հոգևոր և նյութական աշխարհներն իրար կապող օղակ:

Աշխարհում ներկայումնս հաշվվում է ոչ ավել քան 200,000 հազար կրոնի հետևորդ` մեծամասամբ բնակվող Հնդկաստանում և ԱՄՆ-ում: