Եթե վարկածը հնարավոր չէ ստուգել, ապա այն գիտական չէ, այն ընդամենը ինչ-որ մեկի երևակայությունն է:

Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ բոլոր ժամանակակից կենդանիները հանդիսանում են Նոյան տապանում Համաշխարհային ջրհեղեղից փրկված տեսակների սերունդներ, ապա դրան հետևում է ստուգելի հետևանքների շարք:

Համաձայն այդ գաղափարի, ժամանակակից ֆաունայի ձևավորումը սկսվել է Արարատ լեռան շրջակայքում: Հետևաբար, ինչքան հեռանանք Արարատից, այնքան քիչ պետք է լինի կենդանիների, հատկապես դանդաղ տեղաշարժվողների բազմազանությունը: Այն կենդանիները, որոնք դժվարությամբ են անցնում լայն ծովային նեղուցները, պետք է հանդիպեն միայն Եվրասիայում, Աֆրիկայում և, հնարավոր է, մոտակա կղզիներում: Մեկուսացված կղզիները և մայրցամաքները (օրինակ, Ավստրալիան), պետք է ունենան չափազանց աղքատ ֆաունա՝ բաղկացած հիմնականում շատ շարժուն կենդանիներից, որոնք լավ թռչում և լողում են: Բոլոր լեմուրները, համաձայն այդ վարկածի, պետք է միահամուռ կերպով տեղաշարժվեին Արարատ լեռից դեպի Մադագասկար, ոչ մի տեղ երկար կանգ չառնեին (որպեսզի չթողնեին ոչ մի հանածո ոսկոր), ոչ մի տեղ չկորցնեին որևէ հետ ընկած տեսակի: Նրանք պետք է անհայտ կերպով բարեհաջող անցնեին Մոզամբիկի նեղուցը (նվազագույն լայնությունը 422 կմ) և բնակություն հաստատեին Մադագասկարում: Ընդ որում, Աֆրիկայում և Ասիայում ապրող կապիկներից ոչ մեկը չգիտես ինչու չի ցանկացել տեղափոխվել Մադագասկար լեմուրների հետ միասին: Վարկածի ընդունման համար որքան շատ նման անհավանական բացթողումներ արվեն և որքան քիչ հայտնի փաստեր այն կարողանա բացատրել (ընդ որում ավելի լավ բացատրել, քան այլ, մրցակից գաղափարները) այնքան ցածր կլինի վարկածի իսկությունը: «Նոյան տապանի» վարկածի դեպքում գիտական հավաստիությունը գրեթե հավասար է զրոյի, որովհետև չկա ոչ մի փաստ, որն այդ վարկածով կբացատրվի ավելի լավ, քան էվոլյուցիայի տեսությամբ:

Ինչ վերաբերում է լեմուրներին, ապա նրանց նախնիները իրոք եղել են հնագույն պրիմատները (55-34 մլն տարի առաջ), որոնք ապրել են Եվրասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում: Այդ խմբի ներկայացուցիչներից մեկը մտել է Մադագասկար՝ սկիզբ տալով լեմուրների ադապտական ռադիացիային: Դժվար չէ նկատել, որ որոշ քանակությամբ կենդանիների կամ թեկուզ մի հղի էգի պատահական տեղաշարժը մեկուսացված կղզի շատ ավելի հավանական իրադարձություն է, քան հարյուրավոր տեսակների մասսայական վերաբնակեցումը: Ավելի զարգացած պրիմատների կողմից մրցակցության չհանդիպելով, լեմուրները պահպանվել են Մադագասկարում: