Մարդկանց մեծամասնությանը հատուկ է «հրաշքով ներկել» իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ, անկախ այն բանից, ապացուցվա՞ծ է դա գիտնականների կողմից, թե՞ ոչ, հնարավո՞ր է ներկայումս տալ դրա ամբողջական ապացույցը, թե՞ առայժմ պետք է սահմանափակվել հիմնավորումների հավանականության աստիճանով, հնարավո՞ր է տալ գոնե խելքին մոտ բացատրություն, թե՞ պետք է համեստ համբերատարությամբ առայժմ կամ ընդմիշտ բավարարվել չիմացությունն ընդունելով ու պատասխանը փնտրելով: Շատերը (ովքեր հիմնականում հենց իրենք իրենց մեջ կարիքային սուտն ամրապնդելու համար դա ներարկում են ուրիշներին)  փորձում են բացատրություն տալ չբացահայտված երևություններին, սակայն որքան գնահատելի կլիներ, եթե նրանք փնտրեին դրանց բացատրությունը ու երբեք չառաջարկեին տեսություն, որն առաջին հայացքից չի հակասում բնության օրենքներին, բայց նաև բացատրում է արտառոց երևույթի գոյությունը և տարածել այդ տեսությունը որպես միակ հնարավոր բացատրություն:

Մարդիկ հակված են ճշմարիտ համարել իրենց զգայարանների միջոցով ստացված ինֆորմացիաների ու դրանց աղբյուրների գոյությունը, որովհետև զգայարանները, դատողությունը և, ավաղ, նաև անհրաժեշտությունը համատեղ նրանց հնարավորություն են տալիս այդպես կարծելու համար որոշակի (ոչ լիարժեք, քանի որ անհրաժեշտությունը խոչընդոտ է դառնում) հիմքեր ունենալ: Փիլիսոփաներից մեկն ասել է. «Առարկայի մասին գիտելիքը գիտելիք է մեր զգայարանների մասին»: Զգայարանները բավարար չեն իրականության ամբողջական ընկալման համար: Հենց սա է բոլոր պարադոքսների կամ, ինչպես սովոր են ասել անտեղյակ մարդիկ, հրաշքների պատճառը: Հակասություններն ու պարադոքսները (օրինակ, շատ ենք հանդիպում քվանտային ֆիզիկան ուսումնասիրելիս) բացատրելու խելամիտ ու իրականությանը մոտ տեսություններ շատ կան, ուրեմն պետք չէ կանգ առնել միայն մեկ տեսակետի վրա, առավել ևս, եթե այն անհավանական է:

Քննարկենք մի պարադոքս. «Մոլորակների բազմությունը մոլորակ չէ: Բազմությունների բազմությունը բազմություն է: Ո՞ր տիպին է պատկանում այն բազմությունների բազմությունը, որը իր տարրը չէ: Եթե S-ը պարունակում է ինքն իրեն որպես տարր, ապա որպես տարր մտնում է S-ի մեջ, իսկ եթե այն չի պարունակում ինքն իրեն որպես տարր, ուրեմն չի պարունակում S-ին, և, հետևաբար պատկանում է երկրորդ տիպի բազմությունների թվին: Կամ S-ը հանդիսանում է S-ի տարր այն դեպքում, երբ S-ը չի հանդիսանում S-ի տարր (հակասություն է)»: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ սա ոչ թե պարադոքս է, այլ սխալ կազմված նախադասություն և բառապաշարի աղքատություն իրողությունը նկարագրելու համար:

Պատկերացնենք շատ կատուներ: Կասենք` այս կատուների բազմությունը **** է: Հանկարծ, մարդիկ որոշում են ****-ին տալ հենց կատու անվանումը և իրենց կարծիքով հանդիպում են պարադոքսի: Ենթադրենք, որ «փոքր», շատ կատուներից հավաքված է **** կատուն, որն իրոք կատու է: Նկատելի է, որ **** կատուն իր հատկություններից գոնե մեկով (չափսերով կամ պարունակությամբ) տարբերվում է իր մեջ պարունակվող մյուս «փոքր» կատուներից: Այս դեպքում **** կատվին պետք է տալ ուրիշ անվանում, ասենք՝ «մեծ կատու»: Հակասությունից էլ կազատվենք: Ճիշտը այսպես ասելն է. «Մասնագիտական որոշ բնագավառներում ընդունված է, որ բազմությունների բազմությունը բազմություն է»:

Ցանկացած նոր տեսակետ հիմնավորվում է զգայարանների կողմից ընձեռնված հնարավորությունների սահմաններում, քանի որ այլ ելք մենք չունենք: Հայտնի է, որ գերբնականը բացատրելով բնական ճանապարհով՝ հանգում ենք բնականին: Գերբնականի գոյության մասին կարելի է միայն ենթադրել: Մարդկային զգայարանների միջոցով անհնար է ընկղմվել գերբնականի սահմաններ ու համոզվել դրա ճշմարտացիության մեջ: Եթե ցանկանում ենք համոզել հրաշքի գոյությունը, ստիպված ենք ապացուցել մեզ հայտնի պատճառ-հետևանքային կապի բացակայության փաստը նրանում: Իսկ, քանի որ ցանկացած ապացույց ենթադրում է պատճառ-հետևանքային կապ, ապա հնարավորություն չենք ունենա մարդկային կարողության սահմաններում բացատրել հրաշքը: Գերբնականն ապացուցել հրաշքի միջոցով, նշանակում է գերբնականն ապացուցել գերբնականով. տավտոլոգիա: Իսկ եթե հրաշքի գոյությունը պնդողը պահանջում է հերքիչ ապացույց, ապա նա երևի չգիտի, որ ապացույցի ծանրությունը նրա վրա է, ով պնդում է, այլ՝ ոչ նրա, ով ժխտում է: Բայց, այնուամենայնիվ, փորձենք հերքել: Մարդն ի զորու է ներկայացնել հրաշքի գոյության երեք ընդհանրացված տարբերակ.

1. Ենթադրենք հրաշքն իրոք գոյություն ունի: Այդ հրաշքը (օրինակի համար կարող եք պատկերացնել մարդու եթերային հոգին) նույնպես ենթարկվում է բնության ինչ-որ օրենքների: Հակառակ դեպքում՝ ունի անհնարին կառուցվածք, որը կպարզաբանենք հաջորդ երկու կետերում: Եթե այն բոլոր դեպքերում ենթարկվում է որևէ կայուն օրենքների համակարգի, ապա դրսևորվում է որպես մատերիական գոյություն: Այսպիսով, հանգում ենք այլ աշխարհի` որը նույնպես մատերիական է, գոյությանը, որը գտնվում է որոշակի փոխկապակցվածության ու հարաբերության մեջ մեր աշխարհի հետ: Իսկ եթե կա այդպիսի հարաբերություն, ապա այդ երկու աշխարհները կազմում են մեկ ամբողջ համակարգ, այսինքն մտնում են մեկ ընդհանուր աշխարհի մեջ: Ավելին, հարաբերությունը ենթադրում է եզակի պատճառ-հետևանքային կապ: Եթե նույնիսկ գոյություն ունի այնպիսի աշխարհ, որն ունի իրեն հատուկ այլ պատճառ-հետևանքային հարաբերակցություն, ապա այն չի կարող համագործակցել մեր աշխարհի հետ, որովհետև օրենքները փոխկապակցված են` բավական է մեկ օրենքի համապատասխանությունը, որ համապատասխանեն նաև մյուսները: Այդ աշխարհի մասին մենք ոչինչ իմանալ չենք կարող: Ուրեմն, պնդել, թե այն կա, առավե՛լ ևս չենք կարող:

2. Եթե հրաշքը ենթարկվում է օրենքների միայն որոշ դեպքերում, իսկ որոշ դեպքերում՝ չի ենթարկվում, ապա իրողությունը կրկին երկու մասի է բաժանվում` օրենքների ենթարկվող և չենթարկվող, կամ այն դեպքերում, երբ օրենքի չի ենթարկվում, այդ դեպքերը խանգարում են օրենքի ենթարկվող դեպքերի գոյությանը: Եթե այդպես չլիներ, ապա օրենքները լոկ մեկ կանոնի կծառայեին, որն էլ մեզ հայտնի բնության օրենքներինն է: Ավելի պարզ դարձնելու համար բերեմ Ավերոեսի հայտնի օրինակը. կարո՞ղ է ամենակարող աստվածը ստեղծել մի քար, որը բարձրացնել չկարողանա:

3. Եթե հրաշքը ոչ մի դեպքում չի ենթարկվում որևէ օրենքի, ապա այն, ինչ հնարավոր է, հնարավոր է նաև դրա բացառումը, քանի որ ամեն ինչ հնարավոր է: Նորից կգանք հակասության:


Աղբյուր` Հեղինակ՝ Արև Սողոյան