Կոնֆորմիզմը վարքի և մտածողության այն ձևն է, երբ անհատն իր կարծիքն ու վերաբերմունքը հարմարեցնում է շրջապատող մարդկանց սպասելիքներին: Նոնկոնֆորմիզմը ներկայացնում է կոնֆորմիզմի հակառակ ձևը. անհատը իր կարծիքն ու վարքը ձևավորում է դեմ գնալով շրջապատող մարդկանց սպասելիքներին: Երկու դեպքում էլ մարդու մտածողության ձևն ու վարքը կախված են շրջապատի սպասելիքներից: Կարծիքը կարող է ձևավորվել նաև այլ ներքին պահանջների արդյունքումՏրամաբանական հետևությունների վրա հիմնված մտածողությունը գիտական մտածողությունն է, այս դեպքում մարդու՝ որևէ տարբերակին հակվածությունը համընկնում է փաստերի հետ կամ տեսության հավանականության աստիճանի հետ:

Կարծիքն իրական է միայն այն դեպքում, երբ արտահայտում է համակրանք կամ հակակրանք երևույթի վերաբերյալ, խոսվում է ճաշակի մասին: Հաճախ մենք ուղղակի չենք հիշում, թե ինչու ենք սիրում, հավանում կամ հակակրանք զգում, դա նրանից է, որ դրանց պատճառները հաճախ ենթագիտակցական մակարդակում են, պատճառը ժամանակի ընթացքում մոռացվում է, իսկ տպավորությունը՝ մնում:

Ընդունված մոլորություն է, թե մարդ կարող է կարծիք հայտնել բնության կանոններին ենթարկվող երևույթների վերաբերյալ: Նմանատիպ կարծիքն անվանենք «փաստող կարծիք»: Օրինակ, մենք չենք կարող ասել. «Իմ կարծիքով Երկիրը հեչ էլ չի պտտվում Արեգակի շուրջ», մենք միայն կարող ենք կամ իմանալ՝ պտտվում է, թե ոչ կամ՝ չիմանալ: Այլ բան է ասել. «Ես հավանական եմ համարում, որ Երկիրը չի պտտվում Արեգակի շուրջ էս… էս… էս… պատճառներով»: Կարծիքը միայն անձնական գեղագիտական հակումների ու նախընտրությունների հիման վրա ձևավորված միտք է, այսինքն, մենք կարող ենք ասել. «Ես գեղեցիկ եմ համարում Երկրի՝ Արեգակի շուրջ պտտվելը» կամ «Ինձ ամենևին չի գրավում այդ երևույթը»: Փաստերը, տրամաբանական կապերը չեն բխում մարդու հուզական վիճակներից, չնայած, որ բնույթով հուզական մարդը կարող է օգտագործել տրամաբանական կապերը, այսինքն, տրամաբանել: Փաստող կարծիքին հետևող քննադատություններից հետո շատ անգամ կարծիքն հայտնողը բողոքում է. «Ի՞նչ է, կարծիք հայտնելու իրավունք չունե՞մ»: Իրավունք, իհարկե, կա, հարցը նրանում է, որ փաստող կարծիքն ինքնին սխալ հասկացություն է: Կարծիքը սխալ լինել չի կարող միայն համակրանք արտահայտելու դեպքում, որովհետև ոչ մի առարկա կամ երևույթ մարդուց անկախ գեղագիտական արժեք չունի: Գեղագիտական արժեքը մարդու տված անհատական գնահատականն է և այդ գնահատականի հետ կարող է համաձայնվել մեծամասնությունը՝ հաճախ ունենալով նույն ներքին պատճառները: 
Աղբյուր` Հեղինակ՝ Արև Սողոյան