Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ռուսական «Ռեգնում» գործակալությանը մայիսի 6-ին տված իր հարցազրույցում ի թիվս այլ «աշխարհացունց» մտքերի` անդրադարձ էր կատարել նաև հայկականության այսպես կոչված չափանիշներին: Մասնավորապես, իբր հղում կատարելով Մեսրոպ Մաշտոցի` պատմագիտությանն անհայտ ինչ-որ արտահայտության` սրբազանը հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Եթե դու հայ ես, նույնն է, թե քրիստոնյա ես, իսկ եթե քրիստոնյա չես, արդեն հայ չես»:

Քանի որ այս միտքն այլևս նոր չէ հայ կղերական դասի ներկայացուցիչների մոտ և առնվազն մի քանի անգամ արդեն հնչել է ամենաբարձր հոգևոր աստիճան ունեցող այրերի շուրթերից ու մինչ օրս որևէ բացասական գնահատականի չի արժանացել ո՛չ Մայր աթոռի, ո՛չ էլ պետական որևէ մարմնի կողմից, ապա «Աթեիստ եմ» խմբում ընդգրկված աթեիստների համայնքի անունից հարկ ենք համարում նշել հետևյալը.

1. Մարդու ազգությունը չի՛ կարող որոշվել նրա կրոնական հայացքներով կամ կրոնական այս կամ այն կազմակերպությանը պատկանելիությամբ: Անշուշտ, կրոնը ևս կարևոր, բայց ոչ երբեք որոշիչ գործոն է այս կամ այն անհատի ազգային պատկանելիության հարցում, քանի որ առնչվում է մարդու անձնական խղճի և պատկերացումների դաշտին, այլ ոչ նրա ծննդյան օրից իրեն տրվող հատկանիշներին: Այլ կերպ ասած, դա յուրաքանչյուր հասուն ու գիտակից անձի անհատական ընտրության, որոշման հարցն է և որևիցե կերպ չի կարող կապվել նրա ազգության հետ:

2. Պարգև Մարտիրոսյանի, ինչպես նաև մինչ այդ նմանատիպ թեզեր հնչեցրած Միքայել Աջապահյանի ու Ասողիկ Կարապետյանի արտահայտած կարծիքները խորը հակասության մեջ են ինչպես ՀՀ սահմանադրության, այնպես էլ մարդու իրավունքներին առնչվող մի շարք հիմնարար միջազգային իրավական փաստաթղթերի հետ, որոնցում ամրագրված է յուրաքանչյուրի մտքի, խղճի և կրոնի ազատությունը, իսկ այդ հողի վրա յուրաքանչյուր խտրականություն հայտարարվում է հակաօրինական: Ուստի հորդորում ենք միջնադարյան հետադիմական հայացքներով առաջնորդվող սքեմավոր պարոններին հաշվի առնել, որ մի օր կարող են միջդավանական թշնամանք և ատելություն սերմանելու, ինչպես նաև իրենց քրիստոնյա չհամարող հայերին վիրավորելու ու նսեմացնելու մեղադրանքներով հայտնվել տարբեր դատական ատյաններում և 21-րդ դարի իրավունքի շրջանակներում պատասխան տալ իրենց հայտարարությունների համար:

3. Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` անկախ կրոնական պատկանելիությունից, դատապարտել ՀԱԵ որդեգրած այս ըստ էության ֆաշիստական, ազգը պառակտող մոտեցումը և հնարավոր բոլոր միջոցներով հայտնել սեփական անհամաձայնությունը հայ ժողովրդի շարքերում արհեստական բաժանարար գծեր մտցնող և պատմության, տրամաբանության, բարոյականության ու գիտականության հետ լրջագույն հակասություններ պարունակող այս գաղափարաբանության հետ: Այն ոչ այլ ինչ է, քան պատմության վերաշարադրման փորձ, որն ազգից դուրս է հայտարարում ինչպես մինչև 301 թվականն ապրած ու գործած բոլոր հայերին (սկսած առասպելական Հայկ նահապետից, վերջացրած Արտաշես Ա-ով ու Տիգրան Մեծով), այնպես էլ նորագույն շրջանի բազմաթիվ վառ անհատականությունների (19-րդ դարի գրողներ և լուսավորիչներ, խորհրդային շրջանի գիտնականներ, մտավորականներ, նկարիչներ, գրողներ, քաղաքական ու ռազմական գործիչներ):

4. Հատուկ հրավիրում ենք իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այն կառույցների ուշադրությունը, որոնք զբաղվում են ազգային և կրոնական քաղաքականության հարցերով: Այս մարդիկ, վերջին տասնամյակի ընթացքում սերտաճելով իշխանությունների հետ և ձեռք բերելով զգալի իշխանություն և լծակներ, ոչ միայն ագրեսիվ կերպով ներխուժել են բազմաթիվ աշխարհիկ հաստատություններ ու ոլորտներ` ըստ էության կոպտորեն խախտելով պետության և եկեղեցու տարանջատման, աշխարհիկ պետության սկզբունքները, այլև արդեն հասել են լկտիության այնպիսի աստիճանի, որ իրենց իրավունք են վերապահում սեփական քիմքին համապատասխան որոշելու, թե ով իրավունք ունի հայ կոչվելու, իսկ ով` ոչ:

5. Ի մի բերելով` խստորեն դատապարտում ենք Հիտլերյան Գերմանիայի ջախջախումից ի վեր ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված, օրենքից դուրս հայտարարված նմանատիպ հայացքների արտահայտումը ՀԱԵ ներկայացուցիչների կողմից և կոչ ենք անում սթափության ու բանականության: Մի՛ մոռացեք, որ Ձեր խոսքն արժևորում և դրան ականջալուր են լինում հարյուր հազարավոր ազնիվ հավատացյալներ և պարզապես անթույլատրելի է չարաշահել այս հանգամանքն ու նրանց տրամադրել ազգակից եղբայրների դեմ միայն նրա համար, որ վերջիններս հրաժարվում են կիսել Ձեր դոգմաներն ու նյութական օգուտ բերել Ձեր կրոնական հաստատությանը:

«Աթեիստ եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության մի շարք անդամների անունից, www.atheist.am