Շատ էվոլյուցիոն ձևափոխություններ հրաշալի կերպով հաստատվում են անընդհատ գծերով քիչ թե շատ սահուն փոփոխվող անցումային բրածո օրգանիզմներով: Միջանկյալ փոխակերպումների համար անցումային բրածոներ հայտնաբերված չեն, դրանք հենց հայնի «բացերն» են: Մայքլ Շերմերը սրամտորեն նկատել է, որ նոր օրինակի հայտաբերումը, որն ըստ իր հատկանիշների ընկնում է բացի կենտրոնում և այն ճեղքում է երկու մասի, կրեացիոնիստներին առիթ է տալիս հայտարարել, որ այդ եղանակով բացերի քանակը կրկնակի աճում է: Եվ խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել լռելյայն կերպով ճշմարտացիությունն ընդունելու սկզբունքի անպատկառ օգտագործմանը: Եթե մնացորդների ենթադրվող էվոլյուցիոն անցումների հաստատողները դեռ գտնված չեն, լռելյայն հետևություն է արվում, որ այդպիսի անցում չի եղել և մեր առաջ աստծո աշխատանքի ապացույցն է:

Զարգացման յուրաքանչյուր գծի յուրաքանչյուր քայլի լիակատար իրեղեն ապացույցը պահանջելը հակասում է տարրական տրամաբանությանը՝ լինի դա էվոլյուցիան, թե այլ գիտություն: Դա նույնն է, ինչ, եթե սպանության մասին գործը վարող դատավորը դատավճիռ կայացնելու համար պահանջեր ներկայացնել մարդասպանի յուրաքանչյուր քայլի ամբողջական տեսագրությունը մինչև հանցագործության պահը և այնպես, որ դրանում չլինեն բաց թողնված կադրեր: Բրածոների վերածվում է բոլոր մահացած օրգանիզմների միայն չնչին մասը, և մեր բախտն արդեն բերել է, որ մենք ունենք այդքան շատ միջանկյալ բրածոներ: Հնարավոր է, որ բրածոներն ընդհանրապես բացակայեին, բայց, այնուամենայնիվ, էվոլյուցիայի ապացույցն այլ աղբյուրներից, ինչպիսիք են մոլեկուլյար գենետիկան և աշխարհագրական տարածումը, ոչ պակաս համոզիչ են: Մյուս կողմից, էվոլյուցիոն տեսությունը բացահայտ կանխագուշակում է, որ, եթե միակ բրածո մնացորդը հայտնաբերվի սխալ աշխարհագրական շերտում, ամբողջ էվոլյուցիոն կառույցը կհերքվի: Երբ Պոպերի մանրախնդիր կողմնակիցները հարցաքննել են Ջ. Բ. Ս. Հոլդեյնին, թե ինչ եղանակով կարելի է կեղծել էվոլյուցիայի տեսությունը, նա մռթմռթացել է հայտնի արտահայտությունը. «Բրածո ճագարները մինչքեմբրիանում»: Այսպիսի՝ արժանահավատորեն հաստատված բրածո-անախրոնիզմներ երբեք հայտնաբերված չեն եղել՝ չնայած քարածխային շերտերում մարդկանց և նրանց կողքով քայլող դինոզավրերի հետքեր հայտնաբերելու վերաբերյալ կրեացիոնիստների հերյուրանքներին (հերքված):
Աղբյուր` Ռիչարդ Դոկինզ՝ «Աստված որպես պատրանք»