Կառլ Էդվարդ Սագան (1934 թ., նոյեմբերի 9 - 1996 թ., դեկտեմբերի 20) – ամերիկացի աստղագետ, աստղաֆիզիկոս և գիտությունը հանրամատչելի դարձնող հանրաճանաչ մասնագետ: Սագանը եղել է ռահվիրա էկզոկենսաբանության բնագավառում և խթանել է արտերկրային բանականության որոնման SETI նախագծի զարգացմանը: Համաշխարհային ճանաչում է ստացել իր գիտահանրամատչելի գրքերի և «Տիեզերք: Անհատական ճանապարհորդություն» հեռուստատեսային մինի-սերիալի շնորհիվ: Նա հանդիսանում է նաև «Կապի հաստատում» գիտաֆանտաստիկ վեպի հեղինակը, որի հիման վրա 1997 թ. նկարահանվել է համանուն ֆիլմը:

Ծնվել է Բռուկլինում (Նյու-Յորք)՝ ռեֆորմիստական հուդայականությանը հետևող հրեական ընտանիքում:

1951 թ. Սագանը ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ 1955 թ. ստացել է բակալավրի կոչում: 1956 թ. դարձել է մագիստրոս ֆիզիկայի բնագավառում, 1960 թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիան աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառում: Բացի այդ, հասցրել է աշխատել որպես գենետիկ Հերման Ջոզեֆ Մյոլերի լաբորատորիայում և գրել է դիսերտացիա կյանքի առաջացման մասին՝ Հարոլդ Քլեյթոն Յուրի ղեկավարությամբ: Ամառային ամիսները նա օգտագործել է մոլորակագետ Ջերարդ Քոյփերի, ֆիզիկոս Գեորգի Գամովի և կենսաքիմիկոս Մելվին Կալվինի հետ աշխատանքի համար:

1960-1962 թթ. Սագանը աշխատել է որպես Չիկագոյի համալսարանի Յերսկյան աստղադիտարանի ասիստենտ, Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում և Սթենֆորդյան համալսարանում:

1960 թ. սկզբին ոչ ոք ստույգ չգիտեր, թե ինչպիսին է Վեներայի մակերևույթը: Սագանը իր զեկույցում թվարկել է Վեներայի վրա հնարավոր պայմանները: Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ռեակտիվ շարժման լաբորատորիայում (JPL) նա աշխատել է որպես հրավիրված գիտնական և իր ներդրումն է ունեցել Վեներայի վրա Մասիներ սերիայի առաջին առաքելության դիզայնի և կազմակերպման մեջ: Վեներա-4-ը 1967 թ. հաստատել է նրա ենթադրությունները Վեներայի մակերևութային պայմանների վերաբերյալ:

1962-1968 թթ Կառլ Սագանը աստղագիտություն է դասավանդել Հարվարդի համալսարանում: 1968 թ. նա անցել է Կոռնելյան համալսարան: 1971 թ. Սագանը դարձել է աստղագիտության և տիեզերական հետազոտությունների պրոֆեսոր, ինչպես նաև՝ մոլորակների ուսումնասիրման լաբորատորիայի տնօրեն: Նա իր ներդրումն է ունեցել գործնականում յուրաքանչյուր ավտոմատ տիեզերական առաքելության մեջ, որը հետազոտել է Արեգակնային համակարգը: Նա առաջինն է առաջարկել Արեգակնային համակարգը լքող բոլոր տիեզերական զոնդերի հետ ուղերձ հղել ոչ երկրային քաղաքակրթություններին: Տիեզերք ուղարկված առաջին ուղերձն իրենից ներկայացնում էր Պիոներ-10 տիեզերական զոնդին ամրացված անոդացված ալյումինի թիթեղ: Կառլ Սագանը շարունակել է աշխատանքները ուղերձների հետ: Ամենամանրամասն ուղերձը, որի մշակման մեջ նա մասնակցել է, եղել է «Վոյաջեր» Ոսկե թիթեղը, որը տիեզերք է ուղարկվել Վոյաջեր տիեզերական զոնդերով:

Գիտական ձեռքբերումները

Սագանը առաջիններից մեկն է եղել, ով առաջ է քաշել վարկածն այն մասին, որ Սատուռնի Տիտան և Յուպիտերի Եվրոպա արբանյակները կարող են ունենալ օվկիանոսներ (ենթադրվում էր, որ Եվրոպայի վրա գտնվող օվկիանոսը կարող է պիտանի լինել կյանքի համար) կամ ծովեր: Նա ենթադրում էր, որ Եվրոպայի ջրային օվկիանոսը կարող է պիտանի լինել կյանքի համար: Եվրոպայի վրա անդրսառցային օվկիանոսի գոյության անուղղակիորեն հաստատել է Գալիլեյը:

Սագանը նաև զգալի ներդրում է ունեցել Վեներայի մթնոլորտի, Մարսի վրա սեզոնային փոփոխությունների և Սատուռնի Տիտան արբանյակի ուսումնասիրությունների մեջ: Նա նաև նշել է, որ գլոբալ տաքացումը իրենից ներկայացնում մարդու կողմից ստեղծված արհեստական վտանգ և համեմատական է անցկացրել այդ երևույթի և Վեներայի՝ բնական ճանապարհով՝ ջերմոցային գազերի միջոցով, կիզիչ, կյանքի համար ոչ պիտանի մոլորակի վերածման միջև:

Նա առաջ է քաշել այն վարկածը, որ Մարսի վրա սեզոնային փոփոխությունները տեղի են ունենում փոշու փոթորիկների արդյունքում, այլ ոչ՝ բուսականության առկայության հետ կապված, ինչպես ենթադրվում էր նախկինում:

Գիտության հանրամատչելիացումը

Մոլորակային միության հիմնադիրների ժողովը՝ նվիրված կազմակերպության ստեղծմանը, 1980 թ.:

Կառլ Սագանն առաջարկել է ոչ երկրային կյանքի որոնման գաղափարը, գիտական միությանը կոչ է արել կյանքի՝ ոչ երկրային, բանական ձևերի կողմից ուղարկված ազդանշանների որոնման համար՝ մեծ ռադիոաստղադիտակների օգնությամբ և դեպի ուրիշ մոլորակներ զոնդերի ուղարկման համար:

12 տարի շարունակ եղել է մոլորակային հետազոտություններին նվիրված «Իկար» պարբերականի գլխավոր խմբագիրը: Նա եղել է «Մոլորակային միության» հիմնադիրներից մեկը և SETI ինստիտուտի խնամակալների Խորհրդի անդամ:

Կառլ Սագանը հայտնի է որպես գիտական աշխատության համահեղինակ, որը կանխատեսել է, որ միջուկային պատերազմի արդյունքում կսկսվի միջուկային ձմեռ, համարվել է միջուկային ձմեռվա մոդելի ստեղծողներից մեկը: Սագանը նաև կանխագուշակել է, որ Քուվեյթում այրվող նավթի ծուխը կհանգեցնի էկոլոգիական աղետի՝ սև ամպերի տեսքով:

Մյուս կողմից, Սագանը մասնակցել է ԱՄՆ BBC-ի գաղտնի օպերացիայի A119 նախագծին՝ որպես հետազոտող: Նախագծի նպատակն էր Լուսնի վրա ատոմային ռումբի նետումը:

Կառլ Սագանը «Վիկինգ» մարսային ավտոմատ կայանի մակետի մոտ:

Սագանը եղել է «Տիեզերք: անհատական ճանապարհորդություն» հեռուստասերիալի հեղինակը, որտեղ նկարահանվել է որպես պատմիչ:

Սագանը նաև գրքեր է գրել, հանրամատչելիացրել է գիտությունը: Դրանցից մեկը 1980 թ. լույս տեսած «Տիեզերք» գիրքն է, որն արտացոլում ու խորացնում է «Տիեզերք: Անհատական ճանապարհորդություն» հեռուստասերիալում բարձրացված որոշ հարցեր: Սագանի մյուս աշխատությունները ներառում են կյանքի ու բանականության էվոլյուցիայի մասին մի քանի գրքեր՝ «Բրոկի ուղեղը: Դատողություններ գիտության ռոմանսների մասին», «Մոռացված նախնիների շողքերը: Որոնում, թե ովքեր ենք մենք» (Էն Դրույանի հետ համահեղինակությամբ) և «Եդեմի վիշապները: Դատողություններ մարդկային ուղեղի էվոլյուցիայի մասին», որը ստացել է Պուլիտցերովյան մրցանակ:

Գրել է նաև «Կապի հաստատում» գիտա-ֆանտաստիկ վեպը, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը:

Սագանը ասոցացվում էր «միլիարդ ու միլիարդ» (billions and billions) արտահայտության հետ, չնայած, որ «Տիեզերք» սերիալում  երբեք չէր օգտագործել այդ արտահայտությունը, բայց հաճախ օգտագործում էր «միլիարդավոր» արտահայտությունը, որի շնորհիվ «միլիարդ ու միլիարդ» արտահայտությունը դարձավ շատերի սիրելին: Նա հումորով մոտեցավ դրան ու իր վերջին գիրքն անվանեց «Միլիարդ ու միլիարդ»: Նույնիսկ, հորինվեց հումորային չափման միավոր՝ «սագան», որը կարող էր լինել 4 միլիարդից մեծ ցանկացած թիվ:

Սագանը գրել է «Տիեզերք» գրքի շարունակությունը՝ «Երկնագույն բծիկ: Հայացքներ մարդկության տիեզերական ապագայի հանդեպ», որը 1995 թ. «Նյու-Յորք թայմս» պարբերականում նշվել է որպես նշանակալից գիրք: Սագանը գրել է Սթիվեն Հոկինգի «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի նախաբանը:

Կառլ Սագանն իր «Գիսաստղ» գրքում առաջ է քաշել սվաստիկա սիմվոլի առաջացման ենթադրությունը: Նա առաջ է քաշել այն վարկածը, որ հնում գիսաստղն այնքան է մոտեցել Երկրին, որ դրանից դուրս եկող, պտույտի ազդեցության տակ կորացած գազի շիթերը տեսանելի են եղել անզեն աչքով: «Գիսաստղ» գրքում Սագանը օրինակ է բերում չինական հին ձեռագրի պատճենը, որը ցույց է տալիս գիսաստղերի պոչերի տարատեսակությունը, հիմնականում հասարակ պոչեր են, բայց վերջին նկարում գիսաստղի միջուկը պատկերված է նրանից դուրս եկող չորս կորացած ճառագայթներով՝ պատկերելով սվաստիկա:

Կյանքի ավելի ուշ տարիներին Սագանի գրքերը իրենցից ներկայացնում էին աշխարհի կառուցվածքի հանդեպ սկեպտիկական ու բնանկարագրական մոտեցում: «Դևերով լի աշխարհ: Գիտությունը որպես մոմ մթության մեջ» գրքում նա նկարագրել է վարկածների թեստավորման և կեղծ ու մոլորեցնող գաղափարների հայտնաբերման մեթոդները՝ իր էությամբ կոչ անելով գիտական մեթոդի կիրառմանը:

Հասարակական գործունեությունը

Սագանը համաձայն էր Դրեյքի հավասարման հետ, որը թույլ էր տալիս ոչ երկրային քաղաքակրթույթունների մեծ քանակի գոյությունը: Այդպիսի քաղաքակրթույթունների գոյության ապացույցների բացակայությւոնը (Ֆերմիի պարադոքսը) կարող է խոսել այն մասին, որ տեխնոլոգիական քաղաքակրթությունները շատ արագ ինքնաոչնչացվում են: Այս եզրակացությունը նրան մղել է այնպիսի եղանակների ուսումնասիրմանն ու հրատարակմանը, որոնցով մարդկությունը կարող է վերացնել իրեն՝ հուսալով, որ մարդ կխուսափի այդ ճակատագրից և կկարողանա վերածվել տիեզերական տարածքները նվաճող էակի: Նա նաև քննադատել է «ածխածնային շովինիզմն» այնպես, ինչպես անտրոպոկենտրոնությունը Երկիրը բնակեցնող այլ կենդանի արարածների հանդեպ (մասնավորապես հանդես էր գալիս կենդանիների հանդեպ լավ վերաբերմունքի և բարձրակարգ պրիմատներին՝ անձի անձեռնմխելիության իրավունքի հատկացման կոչերով):

Միջուկային զենքի պատրաստման ծրագրի ամփոփման մասին պայմանագրի քննարկման ժամանակ նա մասնակցել է քաղաքացիական անհնազանդության ակցիաներին՝ կապված միջուկային զենքի պատրաստման հետ: Երբ ռեյգանական վարչությունը հրաժարվեց հետևել Մ. Գորբաչյովի գլխավորած խորհրդային ղեկավարության օրինակին, որը 1985 թ. օգոստոսի 6-ին հայտարարել էր միջուկային զենքի փորձարկման վճարների միակողմանի դադարեցում, Սագանը հակապատերազմական ակտիվիստների թվում էր, ովքեր Նեվադայում 1986-1987 թթ. բողոքում էին «սառը պատերազմի դադարեցման» համար և, նույնիսկ, երկու անգամ ձերբակալվել է դրա համար:

Նա մարտնչում էր խաղաղության ու սոցիալական առաջընթացի համար և սնոտիապաշտության ու կրոնական նախապաշարմունքների դեմ:

Շատերը Սագանին համարում էին աթեիստ կամ ագնոստիկ՝ հիմնվելով այնպիսի հայտարարությունների վրա, ինչպիսին է. «Աստծո գաղափարը՝ որպես մեծ, ալեհեր, ծածանվող մորուքով ծերունու, որը նստած է երկնքում և ղեկավարում է ամենը, նույնիսկ, այնպիսի չնչին երևույթը, ինչպիսին է ճնճղուկի թռիչքը, ծիծաղելի է: Բայց եթե Աստված բառի տակ նկատի է առնվում Տիեզերքը ղեկավարող՝ ֆիզիկայի օրենքների համագումարը, ապա այդպիսի Աստվածը գոյություն ունի: Այդպիսի Աստծո գաղափարը էմոցիոնալ բավարարվածություն չի պատճառում… գրավիտացիայի օրենքին ուղղված աղոթքներն անմտություն են»:

Սագանը մահացել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին, Սիեթլում:

Առաջին մարսագնաց «Մարս-Փարթֆայնդերի» անօդաչու ապարատի վայրէջքը 1997 թ. հուլիսի 5-ին վերանվանվել է «Կառլ Սագանի հուշակայան»՝ դոկտոր Սագանի պատվին: Գիսաստղ 2709-ը նույնպես անվանվել է նրա պատվին: