Հիմնականի մասին: Australopithecus sediba-ի
հայտնաբերման մեջ հատկապես կարևոր է այն, որ
նա կարող է լույս սփռել Homo-ի
անցյալի վրա: Տեսակի
առաջացման հարցը մարդաբանների համար իսկական գլուխկոտրուկ է: Գտնված
են տարածության ու ժամանակի մեջ սփռված միայն մի քանի հնագույն բրածոներ, որոնց վերաբերյալ գիտնականները այդպես էլ չեն եկել ընդհանուր համաձայնության՝ Homo-ն
է՞ դա, թե՞
ոչ: Ապա, մոտավորապես 1,8 միլիոն տարի առաջ ի հայտ են գալիս մարդու ոչ թե մեկ, այլ
եկու կամ, նույնիսկ, երեք տեսակ, նրանց
մնացորդները հիմնականում հայտնաբերված են Արևելյան Աֆրիկայում: Ամենափոքր ծավալով ուղեղն ունեցող ամենահասարակ տեսակը Լուիս Լիկի և նրա կոլեգաների կողմից 1994 թ. ստացել
է Homo habilis անվանումը, այլ կերպ նրան ասում են «հմուտ մարդ», նրա մնացորդները
գտնվել են Օլդուվայ կիրճից՝ առաջին կոշտ քարե գործիքների հետ միևնույն շերտում: Որոշ
գիտնականներ ավելի խոշոր Homo
habilis-ներին դասում են առանձին տեսակի
մեջ՝ Homo
rudolfensis: Բացի այդ,
կա նաև Homo
erectus-ը (նրա նախկին աֆրիկական ձևերը
երբեմն դասում են Homo
ergaster-ների շարքին), որն ունի ավելի
խոշոր ուղեղ ու մարմին, բայց Homo
habilis-ի հետ ապրել է նույն ժամանակահատվածում:
Որտեղի՞ց
են հայտնվել բոլոր այս մարդիկ: «Գտնված են չնչին քանակությամբ բրածոներ: Դրանք բոլորը
կարելի է մտցնել կոշիկի ոչ մեծ տուփի մեջ և դեռ տեղ կմնա զույգ խոշոր կոշիկների համար,-ասում
է Ուիլյամ Քիմբելը՝ Արիզոնա նահանգի Համալսարանից,-Սա Հադարից (Էֆիոպիա) գտնված
2,3 միլիոն տարեկան հասակով վերին ծնոտ է, ներքին ծնոտը Մալավից է, հնարավոր է, հարյուր
հազար տարով ավելի հին է (չնայած, որ
տվյալներն անվիճելի են), Քենիայից գտնված գանգի կտորը մոտավորապես նույն
տարիքի է: Վերջ:
Մեծահասակ էգի կմախքը
Եվ
ահա հայտնվում են Australophitecus
sediba-ի՝ հիանալիորեն պահպանված կմախքներ՝
ի տարբերություն «կոշիկի
տուփի բրածոների»: Եթե դատենք կենսաբանական հատկանիշների
մասին, այս օրինակներում համահունչ կլինեն պրիմիտիվ և ժամանակակից գծերը: Երկար ձեռքերը,
փոքր ուղեղը, կրնկի պրիմիտիվ ոսկորը, ինչպես նաև ոչ մեծ հասակը, այտոսկրերի և սեղանատամների
ձևը նրան մոտեցնում են վաղ ավստրալոպիտեկներին, ինչպիսին է Australopithecus africanus-ը, որն ապրել է Հյուսիսային Աֆրիկայում
2-3 միլիոն տարի առաջ: (Որոշ հիտնականներ կարծում են, որ A. sediba-ն, հնարավոր
է, հենց A. africanus-ի հետագա ձևն է):
-Երկար
ոտքերն ու ժամանակակից ճանը
A. sediba-ի՝ մարդու հետ նմանության կարևոր տարր է,-ասում
է Տեխասի A&M համալսարանի պալեոմարդաբան Դերիլ
դե Րյույտերը: Նա նաև ցույց է տալիս զարմանալիորեն «մարդկային» կոնքերը՝ հարմարված
երկու ոտքով նորմալ քայլվածքի համար, ատամների ու ծամելու մկանների ոչ մեծ չափը, դուրս
ցցված քիթը և դեմքի որոշ այլ առանձնահատկություններ, ինչպես նաև գործիքներին հմտորեն
տիրապետելու համար նախատեսված ձեռքի դաստակը:
Բայց
նրանցից ստույգ ո՞ր մեկը: Խումբը զգուշորեն ենթադրում է, որ Homo erectus-ը տեսակ է, որին ընդունված է համարել
անմիջապես H. sapiens-ի նախնին: Եթե դա այդպես է, ապա ստացվում
է, որ հիմնականում Արևելյան Աֆրիկայում բնակվող Homo-ի փոքր տեսակները, այդ թվում՝ գործիքների առաջին
պատրաստողները՝ H. habilis-ները, եղել են ընդամենը մեր տոհմածառի
հարևան, վաղուց վերացած ճյուղ: Գիտնականները առաջին անգամ չեն խոսում այն մասին, որ
այդ տեսակները իրենցից կարող էին ներկայացնել էվոլյուցիոն փակուղի: Եվ, Մալապայի գտածոները
լրջորեն ամրապնդում են այդպես կարծողների դիրքորոշումները:
Երիտասարդ արուի կմախքը
Նրանց
համար, ովքեր ուզում են մարտնչել հաստատված հայացքների հետ, ամենամեծ դժվարությունը
ներկայացնում է բրածոների թվագրումը՝ ճիշտ
ժամանակահատվածների որոշումը: Եթե A. sediba-ն , որը
2 միլիոն տարեկան է, իրոք Homo-ի նախնին
է, ապա ո՞րտեղից են հայտնվել Քիմբելի «կոշիկի տուփի» հնագույն տեսակները: Ավելի հետագա
տեսակը չի կարող ավելի վաղ տեսակի նախնին լինել՝ ինչպես դուստրը չի կարող ծնել սեփական
մորը: Իհարկե, կա հավանականություն, որ Մալապայի բրածոները տեսակի վերջին ներկայացուցիչների
մնացորդներն են, որից հետագայում առաջացել է Homo-ն: Սակայն, Բերգերի խումբը կասկածում է, որ «կոշիկի
տուփի բրածոները» առնչություն ունեն Homo-ի հետ. վերջ
ի վերջո դրանք ընդամենը պատառներ են:
-Պատառներն
անտեսելն անհեթեթություն է, որովհետև նրանք ևս ինֆորմացիա են պարունակում,-նկատում
է Քիմբելը և հիշեցնում, որ բոլորովին մարդկային ծնոտը Հադարից ամենաքիչը 300 հազար
տարով մեծ է, քան A. sediba-ն: Երկուսից մեկն է ճիշտ՝ կամ ծնոտը՝ Հադարից,
ընդհանրություններ ունի Homo-ի հետ կամ
չունի:
Բացառված
չէ, որ այն փաստը, թե ինչ տեղ է զբաղեցնում A. sediba-ն մեր տոհմում,
մինչև հիմա թաքնված է հողում:
-Մալապայի
պես վայրը հիանալի է նրանով, որ այստեղ ոսկորներ ու ամբողջական կմախքներ դեռ շատ կարելի
է գտնել,-ասում է Լի Բերգերը: Վերջ ի վերջո, հենց բրածոները ցույց կտան, թե ով էր ճիշտ,
իսկ ով էր սխալվում, ոչ թե՝ անարդյունք կռիվները:
Տեքստ՝ Ջոշ Ֆիշման
Նկարներ՝ Ջոն Գերշ
Ֆոտոներ՝
Բրենտ Սթիրթոն