Խորհրդային տարիներին մեր երկրում ոչ միայն տարբեր ապրանքների դեֆիցիտ կար, այլեւ գաղափարների եւ հոգեւոր բազմատեսակ «սննդի»: Երբ վերջապես վրա հասավ այդքան բաղձալի «ազատությունը», մեր փոքրիկ երկրում տարիների ընթացքում «իմպորտնի» ապրանքների պակաս չեղավ, հոգեւոր-կրոնական «սննդի» մասին էլ լռում ենք: «Ուզո՞ւմ ես իսկապես երջանիկ լինել», «Վերցրու քո անհաջողություններից ազատվելու բանալին» կամ՝ «Հիսուսը քեզ սիրում է». այս գովազդային տեքստերն այլեւս հասանելի են նաեւ առցանց: Հիմա յուրաքանչյուր կրոնական կառույց ունի իր պաշտոնական կայքը, եւ ազգային վիճակագրական տվյալների համաձայն էլ մեր փոքրիկ Հայաստանում գործում են 67 կրոնական կառույցներ, որոնցից 10-ն առաքելական են: Վերջերս հանդիպեցինք հետաքրքրական մի կայքի՝ Atheist.am: Ալեքսանդր Ամարյանն այն հաստատ կանվաներ աղանդավորական, իսկ, ասենք, Խաչիկ Ստամբոլցյանը՝ ոչ հայեցի: 

«Ազատվեք դոգմաներից՝ աշխարհին նայելով ձեր աչքերով». սա էլ՝ կայքի կարգախոսը: «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբի անդամ Արսեն Թորոսյանը մեզ հետ զրույցում պատմեց կայքի ստեղծման եւ իրենց ասելիքների մասին. «Հայաստանի անկախությունից ի վեր կրոնական կազմակերպությունները՝ Առաքելական եկեղեցին, Եհովայի վկաները, Ավետարանչական եկեղեցին եւ այլն, սկսեցին հզորանալ: Դա դրսեւորվում է ամենուր նրանց ներկայությամբ` դպրոց, բանակ, ոստիկանություն, պետական կառավարման այլ օղակներ: Սկսեցին կառուցվել նորանոր շքեղ եկեղեցիներ, այն պարագայում, երբ հազարավոր մարդիկ տանիք անգամ չունեն իրենց գլխավերեւում, իսկ ըստ պաշտոնական տվյալների` աղքատության մակարդակը 30 տոկոսից բարձր է: Եվ ինչպես պատմությունն է բազմաթիվ անգամներ ցույց տվել, կրոնական կազմակերպությունների հզորացումը տեղի է ունենում միմիայն ի հաշիվ պետականության թուլացման, իսկ իր գագաթնակետին հասնում է դրա կորստի ժամանակահատվածներում: Հաշվի առնելով դա` մեր ֆեյսբուքյան խումբը որոշեց ավելի ակտիվ լինել հանրային կյանքում եւ հասարակության լայն զանգվածներին ներկայացնել մեր մոտեցումները կենսական բազմաթիվ հարցերի վերաբերյալ: 

Atheist.am կայքն այդ նպատակին ծառայող միջոցներից մեկն է: Այնտեղ հայոց լեզվով ներկայացվելու են գիտության վերջին նվաճումները, բանավեճեր կրոնի եւ դրա դրսեւորումների վերաբերյալ, աթեիզմին առնչվող հոդվածներ, հայտնի աթեիստների հայացքները, կենսագրությունները եւ այլն: Փորձելու ենք այն բավական դինամիկ կայք դարձնել, որպեսզի ավելի շատ ընթերցողներ եւ համախոհներ ունենանք: Մեր վերջնական նպատակը հանրային կյանքում կրոնի եւ կրոնական բոլոր կազմակերպությունների դերի նվազեցումն է»: Բայց կայքն իր տեսակով կարծես նույնպես աղանդավորական կառույցի է նմանվում, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Դուք ինչ-որ բան շփոթում եք: Աղանդները եւ եկեղեցին իրարից գրեթե ոչնչով չտարբերվող կրոնական կազմակերպություններ են, որոնք իրենց հետեւորդների կույր «հավատքի» շնորհիվ որոշակի առավելություններ են ստանում իրենց կրոնական համայնքներում եւ դրանցից դուրս` ֆինանսական միջոցներ, հեղինակություն, իշխանություն եւ այլն: 

Պարզապես դրանք տարբեր կերպ են կոչվում, բայց բովանդակային առումով չկա որեւէ տարբերություն: Իսկ մենք դեմ ենք այդ ամենին` համարելով, որ մարդկությանը խաղաղ գոյատեւելու եւ ստեղծագործելու համար կրոնի անհրաժեշտություն չկա, ավելին` կրոնը գրեթե միշտ արգելակող դեր է ունեցել մարդկության զարգացման համար, ինչպես նաեւ պատճառ հանդիսացել հարյուրավոր պատերազմների եւ միլիոնավոր զոհերի: Մենք ոչինչ չենք քարոզում, չենք զբաղվում մարդկանց մոլորեցնելով, այլ պարզապես ներկայացնում ենք աշխարհի աթեիստական ընկալումը եւ կրոնի ու կրոնավորների հանդեպ այլընտրանքային վերաբերմունքը»: 

Արսենը տեղեկացրեց նաեւ, որ նման կայք ստեղծելու գաղափարը պատկանում է ֆեյսբուքյան «Աթեիստ եմ» խմբի անդամներին, որոնց միավորում են հակակրոնական գաղափարները. «Խումբն ստեղծվել է մի քանի համախոհների կողմից, 4 տարի առաջ, եւ արդեն ունի 500-ից ավելի տարբեր մասնագիտությունների տեր անդամներ` բժիշկներ, քաղաքագետներ, կենսաբաններ, գրողներ, լեզվաբաններ, նկարիչներ, ՏՏ ոլորտի մասնագետներ եւ այլն: Կարծում եմ` աթեիստ դառնալու համար մասնագիտությունն էական չէ»: Լսեցինք նաեւ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի կարծիքը. «Այսօր խոսքի ազատության անվան տակ մարդիկ անում են իրենց ուզածը, ով ինչ կարող է անել: Ամեն մեկն իր հերթին վտանգ է սպառնում, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կատարածի մեջ ընդհանուր շահի պաշտպանությունը չկա, այլ ինչ-որ կողմնակի պաշտպանություն կա, որը մարդուն տանում է անորոշության: Երբ մարդու մեջ միայն նյութական շահն է հարատեւում, արդյունքը պիտի լինի միայն սա»: