Ֆրիդրիխ Նիցշե (ծնվել է՝ 1844 թ. հոկտեմբերի 15, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - 1900 թ. օգոստոսի 25, Վայմար) - գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր։ Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում։ Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան։ Այդ ժամանակվանից նա՝ իբրև անհայրենիք և չճանաչված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում։ 45 տարեկանից հետո զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները։ Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև 55 տարեկանը կնքում է իր մահկանացուն։ 1890 թվականից ողջ աշխարհով մեկ տարածվող իր փառքին նա անհաղորդ է մնում։

Ստեղծագործական առաջին տարիներից ըմբոստանում է փիլիսոփայության իր կուռքի՝ Շոպենհաուերի դեմ, որի փիլիսոփայությունը մշտապես մեկնաբանում է իբրև հոռետեսություն, ինչի քննադատությունը նրա երկերի կենտրոնական թեմաներից է։ Նրա փիլիսոփայությունը բարոյականության, կրոնի, գիտության և արվեստի սուր քննադատությունն է։ Ժամանակակից մշակույթի հիմնական բնույթը, ըստ նրա, անկումայնությունն է՝ հակառակ անտիկ Հունաստանի մշակույթի։ Նիցշեն շարունակ անդրադառնում է քրիստոնեական բարոյականությանը և քրիստոնեական ու պլատոնական մետաֆիզիկային։

Պատանեկությունը (1844–1869)

1856 թ. մահացած տատի թողած ժառանգությամբ ընտանիքը հնարավորություն է ստանում բնակարան վարձել։ Պատանի Նիցշեն սկզբում այցելում է արական ընդհանուր դպրոց, որտեղ իրեն մեկուսացված է զգում։ Շուտով տեղափոխվում է մասնավոր դպրոց։ Այնուհետև 1854 թ.-ից այցելում է Նաումբուրգի եկեղեցական գիմնազիա։ Արդեն այստեղ ի հայտ են գալիս նրա երաժշտական և գրական հակումները։ 1858 թ. հոկտեմբերի 5-ից ընդունվում է Պֆորտայի տեղական դպրոց, որտեղ ուսումը շարունակում է մինչև 1864 թ.։ Այստեղ ծանոթանում է Պաուլ Դոյսենի և Կառլ ֆոն Գերսդորֆի հետ, որոնց ընկերությունը մշտական է լինում։ Շուլպֆորտայում ի հայտ է գալիս անտիկ մշակույթի հանդեպ նրա հակումը, որը ուղեկցվում է իր ընտանիքի մանր-բուրժուական կենցաղավարության և քրիստոնեական աշխարհի հետ դիստանցիայով։

1864-1865 թթ. ձմեռային քննաշրջանում Նիցշեն սկսում է դասական բանասիրություն ուսանել Բոննի համալսարանում։ Ուսումնասիրում է ավետարանական աստվածաբանություն։ Պ. Դոյսենի հետ դառնում է Ֆրանկաֆոնիա ուսանողական կորպորացիայի անդամ և մի տարի անց թողնում է այն։ Խորանում է երիտասարդ հեգելականների երկերի ուսումնասիրության մեջ, կարդում է Դավիդ Ֆրիդրիխ Շտրաուսի «Հիսուսի կյանքը», Լուդվիգ Ֆեյերբախի Քրիստոնեության էությունը և Բրունո Բաուերի աշխատանքները։ Այս ամենը արագացնում է աստվածաբանությունը ընդհատելու նրա որոշումը, ինչը խորունկ հիասթափության մեջ է գցում մորը։ Որոշում է ամբողջովին կենտրոնանալ դասական բանասիրության ուսումնասիրության վրա, սակայն իր դրությունը Բոննում նրան չի գոհացնում։ Իր ուսուցիչ Ֆրիդրիխ Ռիչլի միջնորդությամբ տեղափոխվում է Լայպցիգ։ 1867 թ. կամավոր մասնակցում է այսպես կոչված գերմանական պատերազմին՝ իբրև հրետանավոր։ Մի տարի անց զորացրվում է՝ ձիուց ընկնելու պատճառով համարվելով ծառայության համար ոչ պիտանի։

Պրոֆեսոր Բազելում (1869–1879)

Ֆրիդրիխ Ռիչլի հանձնարարականով Նիցշեն, առանց պաշտպանության և գիտական աստիճանի, հրավիրվում է Բազելի համալսարան՝ իբրև դասական բանասիրության արտակարգ պրոֆեսոր։

Բազելում սեփական կամքով հրաժարվում է պրուսական հպատակությունից և մինչև կյանքի վերջը որևէ քաղաքացիություն չի ընդունում, թեև գերմանական կողմում իբրև սանիտար մասնակցում է գերմանա-ֆրանսիական պատերազմին։ Գերմանական կայսրության հիմնումը և Օտտո ֆոն Բիսմարկի դարաշրջանը ընդունում է հիմնավոր թերահավատությամբ։

1872 թ.-ին Նիցշեն հրատարակում է իր  առաջին մեծ գիրքը՝ «Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց», որտեղ ողբերգության ծագման զուտ բանասիրական մեթոդը փոխարինում է փիլիսոփայական հայեցողությամբ, ինչը բանասիրության բնագավառում նրա հին ընկերները չեն հասկանում, մերժում են և մահացու ծաղրի ենթարկում։ Ուլրիխ ֆոն Վիլամովից-Մոյլենդորֆը ոչնչացնող գրախոսություն է գրում։ Նիցշեին պաշտպանում են Էրվին Ռոդեն և Ռիխարդ Վագները։

Ազատ փիլիսոփան (1879–1889)

Մշտական հիվանդությունների պատճառով ստիպված լինելով ապրելու համար մշտապես բարենպաստ կլիմայական պայմաններ ապահովող վայրեր փնտրել՝ Նիցշեն շատ է ճանապարհորդում և մինչև 1889 թ. բազմաթիվ բնակավայրեր է փոխում։ Ազատ հեղինակի կյանքը նա ստիպված է ապահովել իրեն հատկացված թոշակով և, երբեմն էլ, ընկերների օգնությամբ։ Երբեմն Նաումբուրգում այցելում է հարազատներին, մշտապես գժտվում և դարձյալ հաշտվում է քրոջ հետ։ Նրա աշակերտ Պետեր Գաստը երբեմն մասնավոր քարտուղարություն է անում գրեթե կիսակույր փիլիսոփայի մոտ։ Պ. Գաստը և Ֆր. Օվերբեքը մինչև վերջ հավատարիմ են մնում նրան։ 

1882 թ.-ին Մայզենբուգի և Պ. Ռեի միջնորդությամբ ծանոթանում է Լու ֆոն Անդրեա Սալոմեի հետ։ Անմիջապես լծվում է Ռեի և Լուի հետ «եռամիասնություն» կազմելու ստեղծագործական հեռահար ծրագրերին։ Վերջինիս հետ Տավտենբուրգում անցկացրած մի քանի շաբաթվա կանգառը մտերմության մթնոլորտ է ստեղծում։ Նրա մեջ տեսնում է ոչ միայն օժտված գաղափարակցին և աշակերտուհուն, այլև սիրահարվում է նրան և ընկերոջ՝ Պ. Ռեի միջոցով խնդրում է նրա ձեռքը։ Մերժում է ստանում։ Քրոջ՝ իր անձնական կյանքին միջամտող բանսարկությունների պատաճառով կապերը խզում է թե Ռեի և թե Լուի հետ։ Հայտնվելով կատարյալ մեկուսացման մեջ՝ մեկնում է Ռապպալո, որտեղ ութ օրվա ընթացքում թղթին է հանձնում «Այսպես խոսեց Զրադաշտի» առաջին մասը։ Ժամանակի կուռքերի՝ Շոպենհաուերի և Վագների վրա հարձակումների պատճառով նրան լքած ընկերների և դրան հետևած կատարյալ մենության պատճառով գիրքը և նրա նոր ոճը անհասկանալի են սակավաթիվ մերձավորների համար, որոնք բավարարվում են հարգալից խուսափողականությամբ։ Դրան ավելանում են կենցաղային հոգսերը։ Նրա գրքերը գրեթե չեն վաճառվում։ Զրադաշտի վերջին՝ չորրորդ մասը 1885 թ. նա ստիպված հրատարակում է մասնավոր չնչին միջոցներով, 40 տպաքանակով, որից նվիրում է 7-ը։

1886 թ. նա սեփական ծախսերով հրատարակում է «Չարից և բարուց անդին» երկը։

1887 թ. գրում է «Բարոյականության ծննդաբանության շուրջ» բանավիճային երկը։ Նամակներ է փոխանակում Հիպպոլիտ Տենի, քիչ անց՝ Գեորգ Բրանդեսի հետ։ Վերջինս 1888 թ. Կոպենհագենում դասախոսություն է կարդում Նիցշեի փիլիսոփայության մասին։ Սկսվում է նրա համաեվրոպական ճանաչումը։

Նույն թվականին Նիցշեն հինգ գիրք է գրում: Իր 44-ամյակին, «Չաստվածների մթնշաղից» և «Հակաքրիստոնեայից» հետո ձեռնամուխ է լինում ինքնակենսագրական երկին։ Դեկտեմբերին նամակագրություն է հաստատվում Նիցշեի և շվեդ մեծ գրող Ավգուստ Ստրինդբերգի միջև։ Նիցշեն փորձում է նախկին հրատարակիչներից հետ գնել իր ստեղծագործությունները հրատարակելու իրավունքը։ Նա պլանավորում է իր երկերի թարգմանությունները եվրոպական կարևորագույն լեզուներով։ Գրում է «Դիոնիսոսյան դիթիրամբները»։

Հոգևոր մթագնման մեջ (1889-1900)

1889 թ. հունվարի սկզբին Տուրինում վրա է հասնում խելագարությունը։ Փոքրիկ բացիկները, որոնք նա ուղարկում է ընկերներին, նրանց հուշում է խելացնորության մասին («Իմ մաեստրո Պիետրոյին: Ինձ նոր մի երգ երգիր. աշխարհը պայծառացած է, և երկինքները ցնծանում են: Խաչյալ»։ Պետեր Գաստին, 1889 թ. հունվարի 4)։ Խելագարության պատճառ է հայտարարվում առաջադիմող կաթվածը։ Հետագայում փիլիսոփայի հիվանդությանը բազմաթիվ կեղծ մեկնաբանություններ են տրվում, որոնք ոչ մի փաստական հիմք չունեն։

Իրեն ուղարկված նամակից գործի էությունը կռահած Բուրքհարդտը ահազանգում է Օվերբեքին, ով ընկերոջը տանում է բազելյան գժանոց։ Այնտեղից նա մոր ուղեկցությամբ և տարվում է Յենայի համալսարանական կլինիկա և հանձնվում ժամանակի հռչակավոր հոգեբույժ Օտտո Բինզվանգերսի հոգածությանը։ 1890 թ. մայրը նրան տեղափոխում է Նաումբուրգ։ Այդ ժամանակամիջոցում թեև դեռևս ի վիճակի էր կարճ զրույցներ վարել, հիշողության պատառիկներ արթնացնել և մոր գրած նամակների տակ ողջույնի կարճ արտահայտություններ դնել, սակայն, համենայն դեպս, շուտով սկսում է ընկնել կայծակնային և հանկարծական ապաթիայի մեջ և շուտով այլևս չի ճանաչում անգամ հին ընկերներին։

Պ. Գաստը և Ֆր. Օվերբեքը պլանավորում են իրենց ընկերոջ երկերը հրատարակելու նախապատրաստական աշխատանքները։ Պ. Գաստը սկսում է Երկերի առաջին ժողովածուի հրատարակությունը։ Սկսվում է համաշխարհային փառքը, որին նա միանգամայն անհաղորդ է մնում։

Քույրը՝ Էլիզաբեթ-Ֆյորստեր Նիցշեն, ամուսնու ինքնասպանությունից հետո վերադառնում է Պարագվայից, Պ. Գաստի կողմից արդեն հրատարակված հատորները ոչնչացնել է տալիս, հիմնում է Նիցշե-Արխիվը և ծերացող մորից քայլ առ քայլ խլելով՝ իր ձեռքն է վերցնում ինչպես եղբոր խնամակալությունը, այդպես էլ նրա ժառանգության տնօրինումը։ Օվերբեքին մեկուսացնում և հեռացնում է հրատարակչական գործից, իսկ Պ. Գաստը շարունակում է աշխատել։

Ինքը՝ Նիցշեն, միանգամայն անմասնակից է մնում այդ ամենին։ 1897 թ.-ից, մոր մահվանից հետո, ապրում է Վայմարում, քրոջ խնամակալության տակ։ Հազվագյուտ այցելուներից են լինում Ռուդոլֆ Շտայները, որը կռահում է արխիվում տարվող աշխատանքների զեղծարարությունները և գրում է այդ մասին։ Մի քանի կաթվածներից հետո Նիցշեն մասամբ անդամալուծվում է և այլևս ո'չ կանգնում է, ո'չ՝ խոսում։ 1900 թ. օգոստոսի 25-ին՝ 55 տարեկանում, մահանում է թոքերի բորբոքումից։ Թաղվում է Ռյոքենում։

Նիցշեն ասույթային կարճ ձևի և ընթերցողին իր մեջ ներքաշող արձակ ոճի վարպետ է եղել։ Համակարգված մտածողության բացակայությունը կարող է ցաքուցրիվ մտքերի արտահայտման տպավորություն թողնել։ Սակայն դա այդպես չէ։ Նրա երկերի շատ հատվածներ վերաբերում են հոգեբանական գիտությանը: Շատ ուսումնասիրողներ անմիջական կապ են տեսնում նրա կյանքի և գործի միջև, այնպես որ նրա կյանքն ու անձը երբեմն ուսումնասիրվում են փիլիսոփայական կոնցեպտների պարզաբանման համար։

Բարոյականության քննադատությունը

«Մարդկային, չափազանց մարդկային» երկով սկիզբ է առնում ընդհանրապես բարոյականության և մասնավորապես քրիստոնեական բարոյականության նիցշեական քննադատությունը։ Նիցշեի համար արժեքի և նրա մասին դատողության վավերականությունը մտացածին, մետաֆիզիկական կամ ենթադրական չէ. գումարած, որ ծննդաբանորեն այն պետք է կապված լինի մտածողի կամ մարդկային որևէ խմբի կենսաբանական-հոգեբանական կարգի հետ։ Այսպիսով, որևէ արժեքի խնդիրը ընդհանրապես որևէ բարոյական համակարգի խնդիր է։ Պատմագիտական, մշակութաբանական և լեզվաբանական մեթոդներով նման քննադատությունը ի հայտ է բերում բազմաթիվ գաղափարներ, որոնք նորովի են լուսաբանում ողջ բարոյագիտությունը։

Ահա բարոյագիտության քննադատության մի քանի կարևորագույն գաղափարներ

  • Տերերի և ստրուկների բարոյականություն։- Առաջինը տիրողների մտածողական և, հետևաբար, հոգեբանական կեցվածքն է։ Տիրողները նրանք են, ովքեր իրենք իրենց և իրենց կյանքին և արարքներին կարողանում են այո ասել, մինչդեռ այն ամենը, ինչ չի համապատասխանում դրանց, նրանք մտցնում են «վատ» կատեգորիայի մեջ։ Ստրուկների բարոյականությունը, ընդհակառակը, «թշվառների», խեղճերի, անզորների, ստորինների, տառապողների, զրկվածների, հիվանդների, այլանդակների կեցվածքն է, որոնք նախ և առաջ իրենց հակոտնյաներին՝ երջանիկներին, տիրողներին, այո ասողներին իբրև «չար» են գնահատում, իսկ այնուհետև իրենց իբրև նրանց «բարի» հակադրություններն են սարքում։ Սրանք քանակով շատ են, ակտիվ են և կոլեկտիվանալու՝ թույլերին հատուկ հակում ունեն։ Նրանք ատում են ուժեղներին և խեղդում են նրանց, ինչպես մոլախոտը՝ մշակաբույսին։ Երբ Նիցշեն ասում է՝ «Խփիր թույլին», դա պետք է հասկանալ իբրև «Քաղհանիր մոլախոտը»։ «Պաշտպանենք ուժեղներին թույլերից»՝ աղաղակում է Նիցշեն։- Ասվածից պարզ երևում է, որ «տեր» և «ստրուկ» կատեգորիաները առաջին հերթին հոգեբանա-բարոյական են։
  • Ռեսսենտիմենտ։- Սա ստրուկների բարոյականության հիմնական ռեֆլեքսիան է։ Անհաջողությունից, նախանձից, տգիտությունից և թուլությունից «անհաջողակները» իրենց համար մի երևակայական աշխարհ են ստեղծում, որտեղ նրանք կարողանում են իրենք տիրողներ դառնալ, իրենց ատելությունը թափել և վրեժ լուծել «ազնիվից և ազնվականից»։
  • Կարեկցություն և, եթե կարելի է այսպես ասել, ուրախակցություն։- Շոպենհաուերյան փիլիսոփայության մեջ կարեկցությունը, որը նրա կենտրոնական հասկացություններից է, կոչված է վնասելու կյանքին և, ի վերջո, ժխտելու այն։ Նիցշեն ծառանում է դրա դեմ։ Քանզի կյանքը պետք է հաստատվի, հետևաբար կարեկցությունը՝ իբրև ժխտման միջոց, մեծ վտանգ է։ Կարեկցելով՝ ապաուժականացնում ես դիմացինիդ (մերձավորիդ) կյանքը։ Այն աշխարհում բազմապատկում է տառապանքը և ուղղված է արարչագործ կամքի դեմ, որը ո'չ թե ժխտում է կյանքը, այլ հաղթահարում է այն։ Մարդը մարդուն սիրով կարեկցում է, բայց ահա նրա ուրախություններին չի կարողանում սրտանց և լիաթոք միանալ։ Ակտիվ ուրախակցությունն է, որը կյանքի հիմնավոր հաստատմանն է հասցնում և կարևորագույն արժեք է։

Այս ելակետերով քննադատության է ենթարկվում նաև պատմական քրիստոնեությունը և քրիստոնեական բարոյականությունը, իսկ ուշ երկերում՝ գրեթե ողջ քաղքենիական բարոյականությունը, ինչպես նաև սոցիալիզմը և անարխիզմը. այս ամենը դիտարկվում է իբրև ժամանակակից անկումայնություն։ Ահա թե ինչու Նիցշեն դնում է բոլոր արժեքների վերարժեքավորման հարցը։ Եվ այս ամենը՝ համեմված միֆական բազմաթիվ ասպեկտներով, որոնց մեջ առաջնային են Դիոնիսոսյանը, Առ իշխանություն կամքը, Գերմարդը և Հավերժական վերադարձը։

Աստված մեռած է - Եվրոպական նիհիլիզմը

Աստված մեռած է հանրահայտ արտահայտությամբ կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ Նիցշեն կամենում է Աստծո մահը։ Այնինչ սա ընդամենը փաստի արձանագրություն է։ Սխալ չի լինի, եթե ասենք, որ սա մի ողջ դարաշրջանի և մտածելակերպի (առավելապես՝ մետաֆիզիկական) ախտորոշումն է։ Այն աղաղակում է անլուր մի վիճակ, որը իր մեջ է առնելու գալիք հարյուրամյակների պատմությունը։ Այս թեմայի հռչակավոր մի արծարծում է «Զվարթ գիտությունը» երկի 125-րդ՝ «Խենթը ասույթը»։ Այս հատվածը Աստծո մահը ազդարարում է իբրև սպառնալից իրադարձություն, որից հետ Իջնում է գիշեր և ավելի գիշեր։ Քաղաքակրթությունը զրկվել է իր հոգևոր հիմքից,- թերևս այսպես կարելի է ամփոփել ասույթի գաղափարը։ «Ո՞ւր է Աստված,- գոչեց նա,- ես ձեզ կասե'մ։ Մենք նրան սպանե՜լ ենք՝ դուք և ես։ Մենք ամենքս նրան սպանողնե՜րն ենք։ Բայց ինչպե՞ս արեցինք մենք այդ։ Ինչպե՞ս կարողացանք խմելով դատարկել ծովը։ Ո՞վ մեզ սպունգը տվեց՝ ջնջելու ողջ հորիզոնը։ Ի՞նչ արեցինք մենք, երբ այս երկիրը արձակեցինք իր արևին կապող շղթայից։ Ո՞ւր է երկիրը հիմա գնում։ Հեռու բոլոր արևների՞ց։ Արդյոք մենք շարունակ ցած չե՞նք գահավիժում։ Եվ հե՛տ, մի կո՛ղմ, առա՛ջ, դեպի բոլոր կողմերը։ Կա՞ դեռևս վերև ու ներքև։ Մի՞թե մենք մոլորված չենք խարխափում, ասես անվերջնական ոչնչում։ …Աստված մեռա՜ծ է։ Աստված մեռած էլ կմնա՛: Եվ մենք ենք նրան սպանել։ Ինչպե՞ս սփոփվենք մենք՝ բոլոր մարդասպաններից ամենամարդասպաններս» (թարգմ. Հակոբ Մովսեսի)։ Թերևս այս գաղափարից է ավելի ուշ սկիզբ առնում Գերմարդու գաղափարը, որը մի ասույթում հետևյալ մեկնությունն է ստանում. «Գերմարդու հայտնությունը գերքրիստոնեության հայտնություն է։ Հետևաբար՝ գերմարդու մի ասպեկտը քրիստոնեության վերակենդանացման մի ասպեկտ չէ՞։ Մյուս կողմից՝ ողջ բարոյականության քննադատությունը դառնում է ավելի առողջ մի բարոյականության կանխատեսում և կանչ»։ «Չաստվածների մթնշաղ» գրքում նա գրում է. «Մենք՝ ապաբարոյապաշտներս, առաքինությանը արդյո՞ք վնաս ենք հասցնում։ Նույնքան քիչ, որքան անարխիստները՝ թագավորներին։ Միայն այն ժամանակվանից, երբ նրանց սկսեցին կրակել, նրանք դարձյալ ամուր նստած են իրենց գահերին։ Առակս զինչ ցուցանէ՝ հարկավոր է կրակել բարոյականության վրա»։ Ահա թե ինչու Նիցշեն իրեն կնքում է անբարոյականության սահմաններից այնքան հեռու ընկած մի եզրով - ապաբարոյապաշտ։ Այս տեսակետից հատուկ ուշադրության է արժանի նաև Նիցշեի ոչնչապաշտության՝ նիհիլիզմի հարցը. նա ինքը իր մեջ տեսնում է ո'չ թե դրա միջնորդին և հաստատողին, այլ ոչնչապաշտությունը օբյեկտիվորեն համարում է հետքրիստոնեական բարոյականության հնարավորությունը, թերևս նաև պատմական անհրաժեշտությունը։

Քրիստոնեության քննադատությունը

Քրիստոնեության քննադատությանը նվիրված իր գլխավոր աշխատությունը Նիցշեն անվանել է «Հակաքրիստոնեա՝ Նզովք քրիստոնեությանը»։ Քրիստոնեության վաղ շրջանում այդ կրոնի տարբեր ազդեցիկ թշնամիներն ըմբռնվում էին որպես հակաքրիստոնեաներ։ Սակայն ըստ առավել լայն մեկնաբանությունների հակաքրիստոնեան մեղքի մարդն է, որն հակադրվում և ինքն իրեն ավելի բարձր է դասում այն ամենից, ինչ կոչվում է Աստված։ Նա համեմատում է քրիստոնեությունը այլ կրոնների, մասնավորապես, բուդդիզմի հետ։ Նախ Նիցշեն քննադատում է և քիրստոնեությունը, և բուդդիզմն այն բանի համար, որ դրանք պատկանում են, այսպես կոչված, նիհիլիստական կրոնների շարքին՝ միաժամանակ դրանց մեջ լուրջ տարբերություններ տեսնելով։ Դրանցից ամենակարևորն այն է, որ բուդդիզմը փոխարինեց «մեղքերի դեմ պայքարը» «տառապանքների դեմ պայքարով»։ Բացի դրանից բուդդիզմը հրաժարվելով ծայրահեղ ճգնավորությունից միաժամանակ քարոզում է չափավորվածություն կարիքների և ցանկությունների մեջ։ Նա ապացուցում է, որ քրիստոնեությունը ծագում է վրեժի զգացումից։ Նա քննադատում է քրիստոնեության բարոյական համակարգը։ Ըստ Նիցշեի, այդ բարոյական արժեհամակարգը իրենից ներկայացնում է «մարդու աղքատ, կիսահաջողակ կամ ամբողջությամբ անհաջողակ տիպի պահպանության պայմանների հանրագումար»։