Դենի Դիդրո (1713 Հոկտեմբերի 5, Լանգր – 1784 Հուլիսի 31, Փարիզ) ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, գրող, արվեստաբան, մանկավարժ, հանրագիտարանագետների ղեկավար։ Ծնվել է Լանգր քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում։ Մի քանի տարի տեղական քոլեջում սովորելուց հետո տեղափոխվել է Փարիզ և սովորել այնտեղ։ Տոգորվելով հակաֆեոդալական տրամադրությամբ՝ անցել է ազգային շարժման կողմը, որը ղեկավարել է բուրժուազիան: Այն ուղղված էր իշխանության և պալատական հոգևորականների դեմ։ Այդ ժամանակ Դիդրոն գրել է իր վաղ «Փիլիսոփայական մտքեր» աշխատությունը, որն արգելվել է և այրվել փարիզյան պառլամենտի հրամանով։

Կյաքնը

1749 թվականին, լինելով մատերիալիստ և աթեիստ, ձերբակալվել է և բանտարկվել Վենսենյան ամրոցում՝ վտանգավոր մտքեր տարածելու համար։ Դուրս գալուն պես, նա ձեռնարկել է հանրագիտարանի աշխատանքը, որը կոչվում էր «Գիտության, արվեստի և արհեստի հանրագիտարան»։ Այն ուներ խիստ հակաֆեոդալական ուղղվածություն, այնտեղ շարադրված էին բուրժուական աշխարհայացքի հիմքերը։ Հանրագիտարանի աշխատանքներին մասնակցել են նաև Շառլ Լուի Մոնտեսքիոն, Ֆրանսուա Վոլտերը, Լեոն դ'Ալամբերը, Կոնդիլյակը և ուրիշներ։ Չնայած, որ Դիդրոյին անընդհատ հետևում էին, նա 20 տարի անց ավարտեց գիրքը։ Դիդրոյի նորամուծությունը հանրագիտարանում աշխատանքի, տեխնիկայի և արտադրության բաժինների առանձնացումն էր։

1773թ-ին Եկատերինա II-ի հրավերով ժամանում է Ռուսաստան, ուր փորձում է ռուս թագուհուն համոզել սոցիալ-քաղաքական ռեֆորմների անհրաժեշտության մեջ։ Նա գտնում էր, որ Ռուսաստանը կդառնա համաշխարհային պատմության կարևոր գործոն և կանխագուշակել էր ռուսական մշակույթի վերելքը և ազդեցության աճը համաշխարհային մշակույթի վրա։ Նա եղել է Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի և Գեղարվեստի Ակադեմիայի պատվավոր անդամ։


Փիլիսոփայությունը


Բնությունը, ըստ Դիդրոյի, գտնվում է անընդհատ շարժման և զարգացման մեջ, ամեն ինչ մահանում է մի ձևում և վերակենդանանում այլ ձևում։ Դիդրոն մատերիայի ակտիվությունը բացատրում է նրա տարասեռությամբ և գտնում է, որ այն բաղկացած է ակտիվ տարրերից, որոնցից յուրաքանչյուրն օժտված է հատուկ որակով։ Ըստ Դիդրոյի, մատերիայի ձևերի բազմաձևությունը առաջանում է տարբեր որակ ունեցող տարրերի բախումից։ Մարդը՝ որպես կենսաբանական ձև, ունի իր կայացման պատմությունը մյուս կենդանի էակների նման։ Դիդրոն քննադատում է ագնոստիցիզմը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի ճանաչողությանը։ Նա գտնում է, որ անձի զարգացման և ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի արտաքին միջավայրը։ Միջավայր ասելով Դիդրոն առաջին հերթին նկատի ունի կառավարման քաղաքական կարգը, ոչ թե կյանքի նյութական պայմանները։ Նա սխալվում էր՝ կարծելով, թե օրենսդիրների գիտակցությունը հանդիսանում է հասարակության պատմական զարգացման ամենակարևոր գործոնը։ Լինելով կառավարման բռնապետական ձևի հակառակորդ՝ Դիդրոն արտահայտվում էր հօգուտ սահմանադրական միապետության և հույս ուներ, որ կգա լուսավորված իշխան։ Իր գործունեության վերջին շրջանում Դիդրոն հակված էր հանրապետական կառավարման ձևին՝ կարծելով սակայն, որ այն հարմար չէ մեծ պետություններին։ Դիդրոն գտնում է, որ եսասիրությունը հանդիսանում է մարդկանց վարքի կարևոր դրդապատճառ, բայց համաձայն չէր Հելվեցիուսի հետ, որը բոլոր զգացմունքները հանգեցնում էր եսասիրական նախասկզբին։ Նա գտնում է, որ յուրաքանչյուրը ոք ունի մասնավոր սեփականության իրավունք, սակայն չէր պահանջում թուլացնել անհավասարությունը նյութական բարիքների բաշխման մեջ։

Դիդրոն մշակել է գեղագիտության իր կոնցեպցիան, խոսել է դրամատուրգիայի և թատրոնի մասին. դրամայի հիմքերը համարում էր ոչ թե բնավորությունները, այլ հասարակական դիրքը։ Դիդրոն գտնում է, որ իր համար բարձրագույն կերպար համարվում է ոչ թե բնությունը, այլ իդեալական կերպարը, որն ապրում է իր հոգում։ Դիդրոն զարգացրել և հարստացրել է մինչմարքսիստական մատերիալիզմը, եղել է 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիզմի և աթեիզմի առաջնորդը։

Դենի Դիդրոն մեծապես նպաստել է XVIII դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստմանը, պաշտպանել է առաջադեմ բուրժուազիայի շահերը, քննադատել կրոնը, ավատատիրական բարքերն ու գաղափարախոսությունը: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա խոր ազդեցություն է թողել նախահեղափոխական Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը: 1732 թ-ին նա ստացել է արվեստների մագիստրոսի կոչում: Սկզբնական շրջանում Դիդրոն հարել է դեիզմին (փիլիսոփայական ուսմունք, ըստ որի՝ Աստված անդեմ նախասկիզբ է, որը ստեղծել է աշխարհը, բայց չի միջամտում նրա հետագա կյանքին ու օրենքներին), սակայն փիլիսոփայական հիմնական երկերում՝ «Մտքեր բնության բացատրության մասին» (1754 թ.), «Դ'Ալամբերի երազը» (1769 թ.), «Ֆիզիոլոգիայի տարրերը» (1774–80 թթ.) և այլն, անցել է մատերիալիզմին և աթեիզմին:

Նա պաշտպանել է մատերիայի որակական բազմազանության գոյությունը, մատերիայի և շարժման կապի, մատերիայի ակտիվության գաղափարները: Հասարակական երևույթների ըմբռնման հարցում, սակայն, Դիդրոն իդեալիստ էր: Պայքարելով ավատատիրական բռնապետության դեմ՝ նա միաժամանակ մեծ դեր է հատկացրել լուսավորյալ միապետներին, կասկածանքով վերաբերվել ստորին խավերի ինքնուրույն շարժմանը: Դիդրոն կրոնի վերացումը կապել է լուսավորության տարածման հետ: Իր գեղագիտական երկերում («Դատողություններ դրամատիկական պոեզիայի մասին», 1758 թ., «Պարադոքս արտիստի մասին», 1773–80 թթ.), Դիդրոն մատերիալիզմի դիրքերից քննադատել է կլասիցիզմի և ռոկոկոյի ներկայացուցիչներին, պաշտպանել ժանրային գեղանկարչությունը, ռեալիստական արվեստի սկզբունքները, բարու և գեղեցիկի միասնության գաղափարը:


Աշխատությունները


Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով: XVIII դարի ռեալիզմի՝ աչքի ընկնող երևույթ էր նրա «Միանձնուհին» (1760 թ.) հակակղերական վեպը: Ուշագրավ երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79 թթ.) երկխոսությունը, որտեղ Դիդրոն բացահայտել է փլուզվող ավատատիրական աշխարհի հակասությունները, արիստոկրատական դասի արատները: XVIII դարի ֆրանսիական մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դիդրոն նույնպես մեծ նշանակություն է տվել լուսավորությանն ու կրթությանը, գնահատել հատկապես դաստիարակության դերը՝ որպես մարդու ձևավորման գործոն: Ըստ նրա՝ երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, բնական ունակությունները: Կրթության մասին Դիդրոյի մտքերը հիմնականում շարադրված են կայսրուհի Եկատերինա II-ի խնդրանքով, ռուսական կառավարության համար կազմած համալսարանի և դպրոցի ծրագրում (1775 թ.), Սանկտ Պետերբուրգում կատարած գրառումներում: Նա պաշտպանել է համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը և ոչ դասային կրթությունը: Դիդրոն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ: