Սթիվեն Ուիլյամ Հոկինգ (1942, հունվարի 8, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա) – անգլիացի տեսական ֆիզիկոս: Սովորել է Օքսֆորդում, ապա Քեմբրիջում, որտեղ դարձել է մաթեմատիկայի պրոֆեսոր: Ուսումնասիրել է աշխարհի ստեղծման տեսությունները Մեծ Պայթյունի արդյունքում և սև անցքերի տեսության մեջ կատարել է բազում բացահայտումներ: Բացահայտել է, որ փոքրիկ, սև անցքերը կորցնում են էներգիա՝ արձակելով Հոկինգի ճառագայթները, և, վերջ ի վերջո, «անհետանում»: Հոկինգը նաև գիտությունը հանրամատչելիացնող մասնագետ է:

 


Կենսագրությունը

 

Հոկինգը ծնվել է 1942 թ. հունվարի 8-ին, Օքսֆորդում, որտեղ տեղափոխվել են նրա ծնողները Լոնդոնից՝ զգուշանալով գերմանական օդային ռմբակոծություններից:

Հայրը՝ Ֆրենկ Հոկինգը, աշխատել է Համփսթեդի բժշկական կենտրոնում: Մայրը՝ Իզաբել Հոկինգը, նույնպես աշխատել է այնտեղ որպես քարտուղարուհի:

1962 թ. նա ավարտել է Օքսֆորդի համալսարանը, իսկ 1966 թ. Քեմբրիջի համալսարանի Թրինիթի-հոլ քոլեջում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Հոկինգը Քեմբրիջի համալսարանում է 1965 թ.-ից: Աշխատում է որպես հետազոտող Գոնվիլ և Քայ քոլեջում: 1968-1972 թթ. աշխատել է տեսական աստղագիտության Համալսարանում, 1972-1973 թթ.՝ աստղագիտության համալսարանում, 1973-1975 թթ.՝ կիրառական մաթեմատիկայի և տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1975-1977 թթ. դասավանդել է գրավիտացիայի տեսությունը, 1977-1979 թթ.՝ գրավիտացիոն ֆիզիկայի պրոֆեսոր, 1979 թ.-ից՝ մաթեմատիկայի պրոֆեսոր: 1974-1975 թթ. եղել է գիտնական Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում: Այս պաշտոնը նա զբաղեցրել է 2009 թ.-ից:

1960 թ. սկզբին Հոկինգի մոտ սկսեցին նկատվել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի ախտանշաններ, որոնք բերեցին անդամալուծության: Բժիշկներն այդ ժամանակ կարծում էին, որ նրան մնում է ապրելու երկուսուկես տարի: 1985 թ. Սթիվեն Հոկինգը ծանր հիվանդացավ, նրա մոտ սկսվեց թոքերի բորնոքում: Մի շարք վիրաբուժություններից հետո հեռացվեց նրա շնչափողը և Հոկինգը կորցրեց խոսելու ունակությունը: Ընկերները նրան նվիրեցին խոսքի սինթեզատոր, որը տեղադրվեց նրա բազմոց-սայլակին: Որոշ շարժունակություն պահպանել էր միայն Հոկինգի աջ ձեռքի ցուցամատը: Արդյունքում շարժունությունը մնաց միայն այտի միմիկական մկանում, որի դիմաց ամրացված է տվիչը: Դրա օգնությամբ ֆիզիկոսը ղեկավարում է շրջապատի հետ շփումը հնարավոր դարձնող քոմփյութերը:


Չնայած ծանր հիվանդությանը, նա ակտիվ կյանք է վարում: 2007 թ. Ապրիլի 26-ին նա թռիչք կատարեց անկշռելիության մեջ (հատուկ ինքնաթիռով), իսկ 2009 թ. Պլանավորված էր թռիչք դեպի տիեզերք, որը չկայացավ: Հոկինգն ինքն իրեն ասում էր, որ, լինելով մաթեմատիկայի նախկին պրոֆեսոր, դպրոցից հետո նա երբեք չի ստացել մաթեմատիկական որևէ կրթություն: Օքսֆորդում՝ իր դասավանդման առաջին տարում Հոկինգը կարդում էր դասագիրքը՝ սեփական ուսանողներից առաջ անցնելով երկու շաբաթով:

Հոկինգը աթեիստ է:

Մեր ժամանակների ամենաազդեցիկ ու հայտնի տեսական ֆիզիկոսներից մեկն է:

Հոկինգի ուսումնասիրությունների հիմնական բնագավառը տիեզերագիտությունն ու քվանտային գրավիտացիան է: Նրա հիմնական ձեռքբերումներն են.

. Թերմոդինամիկայի կիրառումը սև անցքերի նկարագրության համար:

. 1975 թ. Մշակել է տեսություն այն մասին, որ սև անցքերը «վերանում են» Հոկինգի ճառագայթներ անունը ստացած երևույթների հաշվին:

. 2004 թ. Հուլիսի 21-ին Հոկինգը ներկայացրեց զեկույց, որում շարադրեց իր տեսակետը սև անցքերում ինֆորմացիայի կորստի պարադոքսի լուծման վերաբերյալ:

Հանդիսանում է քվանտային տիեզեագիտության հիմնադիրներից մեկը:

 

Հայտնի գրազները

 

1974 թ. Սթիվեն Հոկինգի և Քիփ Թորնի միջև գրազ է կնքվել (մեկ տարվա բաժանորդագրություն «Պենտրհաուս» պարբերականին՝ Թորնի հաղթանակի դեպքում, «Private Eye» պարբերականին քառամյա բաժանորդագրություն՝ Հոկինգի հաղթանակի դեպքում) Կարապ X-1 օբյեկտի բնույթի և Հոկինգի ճառագայթների բնույթի առիթով: Հոկինգը, հակառակ իր տեսության, որը հիմնված էր հենց սև անցքերի գոյության վրա, խաղադրույքը դրել է, որ Կարապ X-1-ը սև անցք չէ (ինչպես նա է ասել. «Եթե նույնիսկ պարզվի, որ ես սխալ եմ, ապա գոնե կշահեմ գրազը»): Նա խոստովանել է իր պարտությունը 1990 թ., երբ հետազոտողների տվյալները ամրապնդել են համոզվածությունը, որ համակարգում առկա է գրավիտացիոն եզակիություն:

1997 թ. Հոկինգն արդեն Քիփ Թորնի հետ միասին գրազ եկավ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և քվանտային ինֆորմացիայի Ինստիտուտի տնօրեն Ջոն Պրեսկիլի հետ՝ սև անցքի կողմից կլանված, ապա արտանետված մատերիայում ինֆորմացիայի պահպանման վերաբերյալ: Պրոֆեսոր Պրեսկիլը ենթադրում էր, որ սև անցքի ճառագայթումը կրում է ինֆորմացիա, բայց մենք չենք կարող վերծանել այն: Պրոֆեսոր Հոկինգն իր իսկ տեսության (1975) համաձայն կարծում էր, որ այդ ինֆորմացիան սկզբունքորեն հնարավոր չէ հայտնաբերել, որովհետև այն առանձնանում է մեզ բոլորովին անհասանելի ու անիմանալի զուգահեռ Աշխարհում: 2004 թ. օգոստոսին, Դուբլինում, հարաբերականության ընդհանուր տեսության և տիեզերագիտության Միջազգային կոնֆերանսին պրոֆեսոր Հոկինգը ներկայացրեց սև անցքերի հեղափոխական տեսությունը և զուգահեռ դրան հայտարարեց, որ պրոֆեսոր Պրեսկիլը ճիշտ է, իսկ նա և Թորնը սխալվել են:

Զեկույցից հետևում էր, որ սև անցքը աղավաղում է կլանված ինֆորմացիան, բայց, այնուամենայնիվ, անհետ չի վերանում: Վերջ ի վերջո, սև անքի «վերացման» գործընթացում ինֆորմացիան, այնուամենայնիվ, դուրս է «փախչում» նրա միջից: Ըստ իր սովորության, փորձելով շարժել քվանտային իմաստությունների ընկալմանը անպատրաստ ունկնդիրների հետաքրքրությունը, Հոկինգը գիտական ֆանտաստիկայի սիրահարներին խորհուրդ տվեց՝ այլևս չերազել այն մասին, որ սև անցքի մեջ թափանցելը կարող է դառնալ այլ Աշխարհ ներխուժելու ճանապարհ: Սակայն, պրոֆեսոր Պրեսկիլը նկատեց, որ նա այդպես էլ մինչև վերջ չհասկացավ Հոկինգի փաստարկները, չնայած, իհարկե, ուրախ էր իր հաղթանակով: Գրազի երրորդ մասնակից պրոֆեսոր Թորնը հայտարարեց, որ համաձայն չէ Հոկինգի հետ:

 

Գիտության հանրամատչելիացումը

 

Հոկինգը ակտիվորեն զբաղվում է գիտության հանրամատչելիացմամբ: 1988 թ. ապրիլին դուրս եկավ «Ժամանակի հակիրճ պատմությունը» գիրքը, որը դարձավ բեսթսելեր: Ապա դուրս եկավ «Սև անցքեր և երիտասարդ աշխարհներ» (1993) և «Աշխարհը ընկուզե պատյանում» (2001) գրքերը: 2005 թ. դուրս եկավ «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի նոր հրատարակությունը՝ «Ժամանակի ամենակարճ պատմությունը»՝ գրված Լեոնարդ Մլոդինի համահեղինակությամբ: 2006 թ. դստեր՝ Լյուսի Հոկինգի հետ միասին գրեց «Ջորջը և Աշխարհի գաղտնիքները» մանկական գիրքը:

Հոկինգը հայտարարում էր, որ տիեզերական թռիչքները որոշիչ դեր են խաղում մարդկության ապագայի համար, քանի որ Երկրի վրա կյանքը գտնվում է գլոբալ խնդիրների արդյունքում կործանվելու՝ մշտական աճող վտանգի տակ:

Հոկինգը՝ ի աջակցություն էվոլյուցիայի տեսության և ԱՄՆ-ի պետական դպրոցներում կրեացիոնիզմի դասավանդումը չթույլատրող հռչակագիրը ստորագրողներից մեկն էր:

Հեռուստատեսություն դուրս եկան Հոկինգի մասնակցությամբ գիտահանրամատչելի ֆիլմերը՝ վեց մասից բաղկացած՝ «Սթիվեն Հոկինգի Տիեզերքը» (1997) և երեք մասից բաղկացած՝ «Դեպի տիեզերք Սթիվեն Հոկինգի հետ» (2010): 2012 թ. Discovery-ով դուրս եկավ «Մեծ մտահաղացումը ըստ Սթիվեն Հոկինգի» ֆիլմը:

Սթիվեն Հոկինգն արժանացել է բազում մրցանակների ու պարգևների: