Ռիչարդ Քլինթոն Դոկինզ (21 մարտի 1941 թ., Նայրոբի, Քենիա) – անգլիացի էթոլոգ, էվոլյուցիոն կենսաբան, գիտությունը հանրամատչելի դարձնող մասնագետ: Նյու-քոլեջի պատվավոր աշխատակից: 1995-2008 թթ. եղել է պրոֆեսոր Օքսֆորդի Համալսարանում:

Դոկինզը հայտնի դարձավ 1967 թվականին, երբ լույս աշխարհ եկավ նրա՝ «Էգոիստական գենը» գիրքը, որը հանրամատչելի ձևով թարմացրեց գենետիկայի տեսանկյունից էվոլյուցիայի հանդեպ հայացքները: Գրքում բառապաշարի մեջ մտցվեց «մեմ» տերմինը և առաջարկվեց նոր գիտական ուղղություն՝ «մեմետիկա»: 1982 թվականին նա մեծ ներդրում ունեցավ էվոլյուցիա հասկացության մեջ՝ գրելով «Ընդլայնված ֆենոտիպ» գիրքը, որում նա շարադրել է այն գաղափարը, որ գենի ֆենոտիպային էֆեկտները չեն սահմանափակված էակի օրգանիզմով և կարող են տարածվել բնակության միջավայրի մեջ՝ ներառյալ մյուս էակների օրգանիզմները:

Դոկինզը աթեիստ է, Բրիտանական հումանիստական միության փոխնախագահ, Brights շարժման անդամ: Լավ հայտնի է որպես կրեացիոնիզմի քննադատ: Իր «Կույր ժամագործը» (1986) գրքում Դոկինզը վիճարկում է ժամագործի հետ անալոգիան՝ գերբնական արարչի գոյության օգտին բերվող կրեացիոնիստական արգումենտը, որը հիմնվում է նրա վրա, որ մարդը, ինչպես և ժամացույցը, հանդիսանում է բարդ օբյեկտ, հետևաբար, նույնպես պետք է ունենա արարիչ: Իր գրքում Դոկինզը ցույց է տալիս, որ մարդկանց կողմից ուսումնասիրվող բարդ օրգանիզմների «արարչի» դերում հանդես է գալիս էվոլյուցիայի կույր գործընթացը: Դրանից հետո նա գրել է մի քանի գիտահանրամատչելի գիրք, բազմիցս ելույթ է ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ և մասնակցել է բազում բանավեճերի, առավելապես այդ թեմայի շուրջ: Իր «Աստված որպես պատրանք» գրքում (2006, գիրքը շուտով կտեղադրվի կայքում հայերեն տարբերակով) Դոկինզը լուսաբանում է բազում խնդիրներ՝ կապված կրոնի հետ, մասնավորապես, պնդում է, որ որևէ գերբնական արարչի գոյության հավանականությունը ծայրահեղ փոքր է, իսկ կրոնական հավատը պատրանք է: 2010 թվականի հունվարի դրությամբ գիրքը անգլերեն լեզվով վաճառվել է ավելի քան երկու միլիոն օրինակ տպաքանակով և թարգմանվել է 31 լեզուներով:

 Կենսագրությունը

 

Ռիչարդ Դոկինզը ծնվել է Նայրոբիում (Քենիա): Նրա հայրը՝ Ջոն Քլինթոն Դոկինզը (1915-2010), եղել է Բրիտանական գաղութի քաղաքացիական գյուղատնտեսական պաշտոնյա: Դոկինզն ունի կրտսեր քույր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հայրը զորակոչվել է որպես Աֆրիկական Թագավորական Հրաձիգ և վերադարձել է Անգլիա 1949 թվականին, երբ Ռիչարդը ութ տարեկան էր: Նրա հայրը որպես ժառանգություն ստացել է Նորտոն Պարկը, որը քաղաքից դուրս լինելու պատճառով վերածվել է ֆերմայի: Նրա երկու ծնողներն էլ հետաքրքրվել են բնական գիտություններով և ջանացել են պատասխանել Ռիչարդի հարցերին գիտական տերմինաբանությամբ:

Դոկինզն իր մանկությունը նկարագրում է որպես տիպիկ անգլիական: Չնայած, որ նա Աստծո գոյության մեջ սկսել է կածկածել ինը տարեկանում, սակայն դեռ շարունակում էր իրեն քրիստոնյա համարել: Պատանեկության ժամանակ եկավ այն կարծիքին, որ էվոլյուցիան կյանքի բարդության ավելի ամբողջական ու համոզիչ բացատրություն է և դադարեց հավատալ Աստծուն:

Օքսֆորդի Բալիոլ քոլեջում Դոկինզն ուսումնասիրել է կենդանաբանություն, որտեղ նրա ղեկավարը եղել է նոբելյան մրցանակի դափնեկիր Նիկոլաաս Թինբերգենը: Քոլեջն ավարտելուց հետո, 1962 թ. նա ուսումը շարունակել է Թինբերգենի ղեկավարության ներքո և 1966 թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Թինբերգենը զբաղվել է կենդանիների վարքի հետազոտությամբ, մասնավորապես, բնազդի, վարժեցման ու որոշումների կայացման: Դոկինզի՝ այդ շրջանի աշխատանքները նույնպես վերաբերում էին կենդանիների մոտ` որոշումների կայացման մոդելներին:

1967 – 1969 թթ. Նա եղել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի կենդանաբանության ավագ ուսուցիչը: Այդ շրջանում ուսանողներն ու համալսարանի դասախոսական կազմը ներգրավված էին Վիետնամական պատերազմի դեմ բողոքների մեջ, և Դոկինզը նույնպես մասնակցություն ունեցավ հակապատերազմական ցույցերում: Նա վերադարձավ Օքսֆորդի համալսարան 1970 թվականին, որտեղ ստացավ ավագ ուսուցչի պաշտոնը, իսկ 1990 թվականին՝ կենդանաբանության պրոֆեսորի պաշտոնը: 1995 թվականին նա նշանակվեց պրոֆեսոր Սիմոնի պաշտոնում՝ հիմնված Չարլզ Սիմոնի կողմից՝ գիտության որևէ բնագավառի հանրամատչելիացման նպատակով:

2008 թվականին Դոկինզը հեռացավ պրոֆեսորի պաշտոնից:

 Էվոլյուցիոն կենսաբանություն

 

Իր գիտական աշխատանքներում Դոկինզը զարգացնում է էվոլյուցիայի հանդեպ գենակենտրոն հայացքները: Այդ դիրքորոշումը նա նկարագրում է իր՝ «Էգոիստական գենը» և «Ընդլայնված ֆենոտիպ» գրքերում: Որպես կենդանիների վարքն ու դրա դերը բնական ընտրության մեջ ուսումնասիրող էթոլոգ, նա առաջ է քաշում այն գաղափարը, որ գենը էվոլյուցիայի մեջ հանդիսանում է ընտրության վճռական միավորը: Դոկինզը սկեպտիկորեն է մոտենում գեներից «բարձր» մակարդակի վրա էվոլյուցիայի և ընտրության չադապտացվող գործընթացներին: Սովորաբար նա սկեպտիկորեն է մոտենում ալտրուիզմի ֆենոմենը հասկանալու համար խմբային ընտրության կիրառման նպատակահարմարությանը: Առաջին հայացքից այսպիսի պահվածքը էվոլյուցիոն պարադոքս է թվում, քանի որ այն պայմանավորված է արժեքավոր ռեսուրսների ծախսով և, այդպիսով, նվազեցնում է օրգանիզմի հարմարվողականությունը: Շատերը դա մեկնաբանում էին խմբային ընտրության տեսանկյունից՝ էակները վարքի այնպիսի ստրատեգիա են ընտրում, որն օգնում է կենդանի մնալ ոչ միայն իրենց, այլ նաև պոպուլյացիային կամ տեսակին ամբողջությամբ:

Բրիտանացի էվոլյուցիոն կենսաբան Վիլյամ Դոնալդ Համիլտոնը ալտրուիզմի բացատրության համար առաջարկել է օգտագործել գենակենտրոն մոտեցումը՝ էակներն իրենց այդպես են դրսևորում իրենց հարազատների հանդեպ, քանի որ նրանք իրենց հետ ավելի մեծ քանակով ընդհանուր գեներ են պարունակում: Նման եղանակով Ռոբերտ Թրիվերսը, օգտագործելով գենակենտրոն մոդելի մոտեցումը, մշակել է փոխադարձ ալտրուիզմի տեսությունը, որտեղ օրգանիզմը գործում է մյուս օրգանիզմի շահի համար հետագա օգուտի սպասումով: Դոկինզը հանրամատչելի է դարձրել և զարգացրել այդ գաղափարները «Էգոիստական գենը» գրքում:

Դոկինզի մոտեցման ձևի քննադատները կարծում են, որ գենը դիտարկել որպես առանձին դեպքի ընտրության միավոր, որտեղ էակը կամ թողնում է սերունդ կամ ոչ, սխալ է, քանի որ գենը էվոլյուցիայի միավորի դերում՝ պոպուլյացիայում ալլելների հաճախականության երկարաժամկետ փոփոխություններում, ավելի համապատասխան է: Հաճախ նաև առարկվում են, թե գեները կարող են ինքնուրույն կենդանի մնալ, այլ պետք է գործեն համաձայնեցված՝ ընդհանուր օրգանիզմում, և, համապատասխանաբար, չեն կարող ծառայել որպես անկախ «առանձնյակներ»: «Ընդլայնված ֆենոտիպում» Դոկինզը գրում է, որ առանձին գենի տեսանկյունից գենետիկական ռեկոմբինացիայի և սեռական բազմացման արդյունքում մնացած բոլոր գեն էակները հանդիսանում են միջավայրի մի մասը, որի հետ այն ադապտացվում է:

 Կարծիքը կրեացիոնիզմի մասին

 

Դոկինզը բացահայտ քննադատում է կրեացիոնիզմն ու կրոնական այն համոզմունքները, թե աշխարհը և մարդկությունը ստեղծվել են աստծո կողմից: Երկրին մի քանի հազար տարի կյանք վերագրող կրեացիոնիստների դիրքորոշումը նա նկարագրում է որպես «անհեթեթ, միտքը սահմանափակող կեղծիք»: Իր «Կույր ժամագործը» գրքում Դոկինզը քննադատում է ժամագործի անալոգիան՝ 1802 թ. Վիլյամ Փեյլի կողմից կրեացիոնիզմի օգտին նկարագրված թեոլոգիական արգումենտը: Փեյլիի արգումենտը կայանում է նրանում, որ քանի որ ժամացույցները չափազանց բարդ են, որպեսզի ստեղծվեն պատահականորեն, ապա առավել բարդ կենդանի օրգանիզմները պետք է դիտավորյալ ստեղծված լինեն ինչ-որ մեկի կողմից: Իսկ Դոկինզի դիրքորոշումը կայանում է նրանում, որ բնական ընտրությունը ամբողջությամբ բացատրում է կենսաբանական տարատեսակության թվացյալ օգտավետությունն ու բարդությունը, և եթե նույնիսկ ժամագործի հետ անալոգիա անցկացվի, ապա կանցկացվի  միայն անշունչ, անմիտ և կույր ժամագործի հետ:

1986 թվականին նա Մեյնարդ Սմիթի հետ միասին մասնակցել է դեբատների՝ ի դեմս Երկրի երիտասարդ տարիքի կողմնակից կրեացիոնիստներ Էդգար Էնդրյուսի և Արթուր Ուալդերս-Սմիթի: Հիմնականում Դոկինզը հետևում է Սթիվեն Գուլդի խորհրդին՝ չմասնակցել հանրային բանավեճերի՝ կրեացիոնիստների հետ, քանի որ նրանք չեն վախենում ընկնել կռվի մեջ, նրանց համար առավել կարևոր է այն ուշադրությունը, որն իրենց տալիս են նման միջոցառումները:

Դոկինզը հանդիսանում է նաև ուսման ծրագրի մեջ աշխարհի դիտավորյալ ստեղծման տեսության ընդգրկման կատաղի հակառակորդ՝ նկարագրելով այն որպես «ընդհանրապես ոչ գիտական, այլ կրոնական վեճ»:

«Երկրի վրա ամենավիթխարի ներկայացումը» գրքում Դոկինզը էկոնոմիկայի տեսանկյունից կրեացիոնիզմի հերքման փորձ է կատարում՝ կրեացիոնիստների տեսությունները համեմատելով պլանային էկոնոմիկայի հետ, իսկ էվոլյուցիայի սկզբունքները՝ համեմատելով ազատ շուկայի օրենքների հետ:

Աթեիզմ և ռացիոնալիզմ

Դոկինզը բավականին հայտնի է որպես աթեիստ և կրոնի քննադատ: Նրան հաճախ նկարագրում են որպես ճարտարախոս, մարտնչող ռացիոնալիստ և, նույնիսկ, «Մեծ Բրիտանիայի գլխավոր աթեիստ»:

Դոկինզը համարում է, որ էվոլյուցիայի իմացությունը նրան բերել է աթեիզմին, և որ կրոնը անհամատեղելի է գիտության հետ: «Կույր ժամագործը» գրքում նա գրում է. «Մինչև Դարվինը, աթեիստը՝ Յումի տրամաբանությանը հետևելով, կարող էր ասել. «Ես չունեմ կյանքի կենսաբանական բարդության բացատրությունը: Ես միայն կարող եմ եզրակացնել, որ Աստված չի հանդիսանում համոզիչ բացատրություն, այնպես որ մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ ինչ-որ մեկը կառաջարկի ավելի լավ տարբերակ»: Չնայած, որ այս դիրքորոշումը հանդիսանում է տրամաբանորեն հիմնավորված, այն կարող է թողնել անբավարարվածության զգացում: Արդեն իսկ Դարվինի բացահայտումները աթեիստներին թույլ տվեցին ունենալ ավելի ամբողջական դիրքորոշում»:

 

Համաձայն Դոկինզի, ապացույցների վրա չհիմնված հավատը հանդիսանում է աշխարհի գլխավոր չարիքներից մեկը: Դոկինզը հայտնի է իր անբարյացակամությամբ կրոնական ծայրահեղականութան հանդեպ՝ սկսած իսլամական ահաբեկիչներից և վերջացրած քրիստոնեական ֆունդամենտալիստներով:

«Կույր ժամագործը» գրքի մասին դրական են արձագանքել նոբելյան մրցանակակիրներ Հորալդ Կրոտոն և Ջեյմս Ուոթսոնը, ինչպես նաև հոգեբան Սթիվեն Փինքերը:

2006 թ. հունվարին Դոկինզը դարձավ «Բոլոր չարիքների արմատը» փաստագրական ֆիլմի հաղորդավար, որտեղ ուշադրություն էր դարձնում հասարակության համար կրոնի կործանիչ ազդեցության վրա:


Դոկինզը և Էրիան Շերինը՝ ավտոբուսների վրա Աթեիստական

գովազդային կազմակերպության բացման արարողության ժամանակ:



2008 թ. հոկտեմբերին Դոկինզը պաշտոնապես աջակցեց ավտոբուսների վրա Աթեիստական գովազդի կազմակերպությանը:


Քննադատությունը

 

Դոկինզի աշխատանքները բանավեճի առիթ տվեցին քրիստոնեական փիլիսոփաներին: Օրինակ, թեոլոգ Ալիսթեր Մակգրատը կարծում է, որ Դոկինզը անգրագետ է քրիստոնեական թեոլոգիայի հարցերում և, այդ պատճառով, ընդունակ չէ կրոնական թեմայով բանավեճ վարել: Ի պատասխան դրան, Դոկինզը հարցրել է. «Անհրաժե՞շտ է արդյոք գլուխ հանել լեպրիկոնոլոգիայից լեպրիկոններին չհավատալու համար»:

Դոկինզը իրոնիայով նկատում է, որ «Աստծո գոյությունը հանդիսանում է այնպիսի գիտական վարկած, ինչպես և հրաշքների գոյության ցանկացած այլ վարկած»: Նա համաձայն չէ Սթիվեն Գուլդի կողմից առաջարկված «հատվող մագիստերների» սկզբունքի հետ, որը կայանում է նրանում, որ գիտությունը հատվում է կրոնի հետ: «Time» պարբերականին տված հարցազրույցին Դոկինզն ասել է. «Ես կարծում եմ, որ Գուլդի դիրքորոշումը բացառապես քաղաքական խորամանկություն էր, որպեսզի չափավոր կրոնական դիքրորոշում ունեցող մարդկանց ներգրավեր գիտության ասպարեզ: Բայց դա դատարկ մտահաղացում էր: Գոյություն ունեն բազում վայրեր, որտեղ կրոնը ներքաշված է գիտական բանավեճերի մեջ: Ցանկացած հավատ գերբնականի հանդեպ ուղիղ ձևով հակասում է ոչ միայն գիտական փաստերին, այլ նաև հենց գիտական ոգուն»:

Դոկինզի հակակրոնական աշխատանքները («Աստված որպես պատրանք» գիրքը և BBC-ում մի քանի փաստագրական ֆիլմ) հաճախ են ենթարկվել քննադատության հավատացյալների, այդ թվում՝ որոշ կենսաբանների (Կ. Միլեր, Ֆ. Կոլինզ, Դ. Ս. Ուիլսոն), աստվածաբանների (Ա. Մակգրատ), փիլիսոփաների (Ա. Պլանտինգա, Շ. Կենի, Տ. Նեգել, Մ. Րյուզ) և հրապարակախոսների կողմից:

Դոկինզի՝ էվոլյուցիայի օգտին հետևությունները քննադատվում են կրեացիոնիստների կողմից, օրինակ, Ջոնաթան Սարֆաթիի «Գերագույն մոլորություն: Դոկինզի՝ էվոլյուցիոն հայացքների հերքում» գրքում (2010):

Իր՝ «Քանդելով ծիածանը» գրքում Դոկինզը դիտարկում է Ջոն Քիթսի պնդումն այն մասին, որ Նյուտոնը, բացատրելով ծիածանը, նվազեցրել է նրա գեղեցկությունը, և բերում է հակառակ եզրակացության փաստարկներ: Նա համարում է, որ միլիարդավոր տարիների էվոլյուցիայի տիեզերքը և կենսաբանության միկրոսկոպիկ մեխանիզմները շատ ավելի գեղեցիկ են ու հրաշալի, քան առասպելներն ու կեղծ գիտությունը:

Դոկինզը գրել է Ջոն Դայմոնի Snake Oil գրքի նախաբանը՝ նվիրված ոչ ավանդական բժշկության մերկացմանը, որում նա եզրափակել է, որ ոչ ավանդական բժշկությունը վնաս է տալիս գոնե նրանով, որ հեռացնում է մարդկանց՝ բուժման ավելի իրական մեթոդներից և նրանց կեղծ հույսեր է տալիս: Դոկինզը կարծում է, որ գոյություն չունի ոչ ավանդական բժշկություն: Գոյություն ունի միայն բժշկություն, որն աշխատում է, և բժշկություն, որը չի աշխատում:

Դոկինզը իր անհանգստությունն է հայտնել մոլորակի բնակչության ավելացման և վերաբնակեցման խնդրում: «Էգոիստական գենում» նա անդրադառնում է բնակչության քանակական աճին՝ բերելով Լատինական Ամերիկայի օրինակը, որի պոպուլյացիան այդ պահի դրությամբ կրկնապատկվում էր յուրաքանչյուր 40 տարին մեկ: Նա քննադատում է ընտանիքների ձևավորման կաթոլիկ մոտեցումը, պնդելով, որ հակաբեղմնավորման հանդեպ հսկողություններ սահմանող և բնական մեթոդներով բնակչության քանակի աճը սատարող ղեկավարները այդպիսի մեթոդը կստանան սովի տեսքով:

Հանդիսանալով «Մեծ կապիկներ» նախագծի կողմնակից, Դոկինզը գրել է հոդված Great Ape Project գրքի համար, որի խմբագիրների դերում հանդես եկան Պաոլա Կավալերին և Փիթեր Սինգերը:

«Մտքի թշնամիները» փաստագրական ֆիլմում Դոկինզը դիտարկում է այն վտանգները, որն, իր կարծիքով, իր հետևից կբերի քննադատական մտածողությունից ու գիտական ապացույցների վրա հիմնված բացատրություններից հրաժարումը: Նա, մասնավորապես, օրինակ է բերում աստղագուշակությունը, սփիրիթուալիզմը, ոչ ավանդական բժշկությունը, հոմեոպաթիան, ինչպես նաև պատմում է այն մասին, թե ինչպես կարող է ինտեռնետը ծառայել որպես կրոնական ատելության և ընդհատակյա տեսությունների տարածման միջոց:

Channel 4 ալիքի հետ համագործակցությունը շարունակելով՝ Դոկինզը մասնակցել է The Genius of Britain հեռուստատեսային փաստագրական սերիալում, այնպիսի գիտնականների հետ, ինչպիսիք են Սթիվեն Հոկինգը, Ջեյմս Դայսոնը, Փոլ Ներսը և Ջիմ Ալ-Հալիլը: Սերիալը նվիրված էր Բրիտանիայի գլխավոր գիտական բացահայտումներին և ցուցադրվել է 2010 թ. հունիսին:

2011 թ. Դոկինզը միացել է Էնթոնի Գրեյլինգի կողմից հիմնադրված՝ Լոնդոնի մասնավոր համալսարանի Նոր հումանիտար քոլեջի պրոֆեսորական կազմին:

2014-2015 թթ. մասնակցել է Nightwish ֆիննական մետալ խմբի ութերորդ ստուդիական ալբոմի՝ Endless Forms Most Beautiful, ձայնագրությանը:


Պարգևներն ու կոչումները

Ռիչարդ Դոկինզն ունի փիլիսոփայության դոկտորի (D.Sc.) աստիճան, որը նրան շնորհվել է Օքսֆորդի համալսարանում 1989 թ.: Նա ունի նաև պատվարժան աստիճաններ՝ Հադերսֆիլդի, Վեսթմինսթերի, Դարեմյան, Աբերդինի, Վալենսի, Բրյուսելի Ազատ, Բաց համալսարաններում:

1987 թ. «Կույր Ժամագործը» գրքի համար Դոկինզը արժանացել է գրականության Թագավորական միության և Los Angeles Times թերթի պարգևներին:

Դոկինզը նաև արժանացել է Լոնդոնի Կենդանաբանական միության արծաթե մեդալին (1989), Մայքլ Ֆարադեի մրցանակին, Ամերիկյան հումանիստական ասոցիացիայի՝ «Տարվա հումանիստ» մրցանակին (1996), Կիսթլերի մրցանակին (2001) և այլ մրցանակների:

2012 թ. Շրի Լանկայում ձկներին ուսումնասիրող գիտնականները առաջարկել են Դոկինզի պատվին՝ ձկների նոր ցեղատեսակն անվանել Dawkinsia:

Ռիչարդ Դոկինզի պատվին կա Դոկինզ անունով աստղակերպ (8331):

2013 թ, Ռիչարդ Դոկինզը բրիտանական Prospect պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի մակարդակով գլխավոր ինտելեկտուալը: