Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնման (11 մայիսի, 1918 – 15 փետրվարի, 1988) - ամերիկացի ականավոր գիտնական: Հիմնական ձեռքբերումները վերաբերում են տեսական ֆիզիկայի բնագավառին: Քվանտային էլեկտրոդինամիկայի ստեղծողներից մեկը: 1943-1945 թվականներին մտել է Լոս-Ալամոսում ատոմային ռումբի մշակողների կազմի մեջ: Մշակել է ըստ հետագծերի ինտեգրացման եղանակ քվանտային մեխանիկայում (1948), ինչպես նաև դաշտերի քվանտային տեսության մեջ, այսպես կոչված, Ֆեյնմանի դիագրամների մեթոդը (1949), որոնց օգնությամբ կարելի է բացատրել տարրական մասնիկների փոխակերպումը: Առաջարկել է նուկլոնի պարտոնային մոդելը (1969), քվանտային մրրկապտույտի տեսությունը: Բուհում ֆիզիկայի դասավանդման եղանակների ռեֆորմատոր: Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի բնագավառում (1965, Ս. Տոմոնագայի և Ջ. Շվինգերի հետ միասին):

Իր առաջին աշխատանքը Ֆեյնմանը ստացել է 13 տարեկանում՝ ռադիո-ընդունիչներ վերանորոգելով:

Ֆեյնմանը ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը քառամյա դասընթացը և կրթությունը շարունակել է Պրինստոնի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան:

Նոբելյան մրցանակի հետ մեկտեղ, Ֆեյնմանը արժանացել է Ալբերտ Էյնշտեյնի մրցանակին, Լյուիս և Ռոզա Ստրաուսների հուշաֆոնդին, ֆիզիկայի բնագավառում Ամերիկայի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի վերաբերյալ Էռնեստ Օրլանդո Լոուրենսի Հանձնաժողովի մրցանակին (1962) և Նիլս Բորի՝ Դանիայի ճարտարագետ-շինարարների, էլեկտրոնիկների և մեխանիկների ընկերության միջազգային ոսկե մեդալին (1973):

Ֆեյնմանը եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության, Բրազիիլիայի գիտությունների ակադեմիայի և Լոնդոնյան արքայական միության անդամ: Նա ընտրվել է ԱՄՆ-ի գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ, սակայն հետագայում հեռացել է պաշտոնից:

Բացի տեսական ֆիզիկայից հետազոտություններ է կատարել կենսաբանության ոլորտում: