Հիմնավորումների զգալիորեն բարձր մակարդակի շնորհիվ առավել հավանական տեսություն է համարվում այն, որ գիտակցության՝ մատերիայից անկախ, ինքնուրույն գոյությունը թվացյալ է: Այն ընդամենը զարգացած և բարդացած մեխանիզմ է, որն էլ առաջացնում է այդ պատրանքը: Մարդու մտքում կառուցված ցանկացած մոդել հանդիսանում է այսաշխարհային և կառուցվում է մոդելների առաջնային ձևերի տարաբնույթ միաձուլումների միջոցով, հիշողության և գիտակցական դաշտերում գտնվող մոդելների ընդհանուր կամ մասնակի հատվածների ձևափոխությամբ, ձուլմամբ՝ ըստ տրամաբանական մտածողության և արտաքին ազդանշանների ներգործության: Միտքը չի կարող թափանցել այլ օրենքներ ունեցող աշխարհներ, պատկերացնել դրանք, քանի որ հիշողության մեջ չկան այդ աշխարհներին բնորոշ, համապատասխան տարրեր: Մարդը չի կարող պատկերացնել ոչինչը: Բայց կարող է դատել դրա մասին` հենց գոյության առկայության և ժխտման հնարավորության շնորհիվ: 

Ֆիզիոլոգիան և արտաքին ազդակները նպաստում են հիշողության ռեսուրսներից համապատասխան տարրերի ընտրությանը, որի շնորհիվ ուղեղն ազդանշան է ուղարկում մարմնին տվյալ գործողությունը ձեռնարկելու համար: Այդ մեխանիզմն այնքան բարդ ու բազմաֆունկցիոնալ է, որ առաջացնում է գիտակցության, բարության, սիրո, խղճի, կամքի և այլնի՝ որպես ինքնուրույն գոյությունների տպավորություն:

Հոգեբան Էդվարդ Դե Բոնոն նշում է, որ հոգեկան գործունեության հետազոտության օբյեկտիվ մեթոդներով հնարավոր է բացատրել մարդու կատարած ցանկացած քայլ, լինելով օպտիմացնող համակարգ, ուղեղի ֆունկցիոնալ կազմվածքը նրան ստիպում է ամեն մի իրավիճակ մեկնաբանել ամենահավանական ձևով: Հավանականության աստիճանը որոշվում է փորձառությամբ և տվյալ պահի պահանջներով:
Աղբյուր` Հեղինակ՝ Արև Սողոյան