Նմանատիպ պնդումներ բազմիցս հերքված են գիտնականների կողմից: Չնայած դրան, կրոնական գործիչներն ու քարոզիչները դեռ շարունակում են այդ կեղծ պնդումները մատուցել հավատացյալներին: Խաբեության շատ նուրբ ու վարժ եղանակներով է սուտը պատվաստվում հասարակության մեջ: Եղանակներից ամենատարածվածը ապացույցի կանոնի խախտումն է, երբ ապացույցի արդյունքային արտահայտությունը կիրառվում է ապացույցի մեջ՝ մինչ դրան հանգելը: Հաճախ օգտագործվող խաբեության եղանակներ են նաև՝ մատուցվող խոսքն առավել համոզիչ դարձնելու միտումով ավելորդ գիտական տերմինների և արտահայտությունների կիրառումը, կեղծ տեղեկատվության վերագրումը անվանի գիտնականներին, այլ հայացքների համակարգերի տարածումը կասեցնելու հակվածությանը հլու՝ դրանց կրողների ու նրանց տեսության անխնա ու շինծու վարկաբեկությունը, տեսության նպատակի խեղումը (հիմնականում բարոյական արժեքների տեսանկյունից), ապացույցի մեջ զգացմունքային, պերճախոս արտահայտությունների անտեղի կիրառումը և, որ ամենասարսափելին է, գիտական կեղծ տվյալների տարածումը:


Թովմա Աքվինացի- Իրերը գոյություն ունեն հանուն նպատակի, քանի որ դրանց գոյության ընթացքը միշտ կամ հիմնականում հանգում է լավագույն արդյունքի, այստեղից հետևում է, որ դրանք պատահական չեն հանգում նպատակին և կառավարվում են գիտակցող գոյության կամքով: Հետևաբար գոյություն ունի գիտակցող մեկը, ով բնության բոլոր իրերն ուղղում է դեպի նպատակը: Եվ նրան անվանում են աստված:

Վերլուծություն- Բնության մեջ նկատելի է օրգանիզմների կառուցվածքի բարդացում: Սրան կա էվոլյուցիոն բացատրություն, սակայն, եթե մեզ զարմացնում է օրգանիզմների կառուցվածքի բարդությունը, ապա դեռ չի նշանակում, թե բարդության աճը լավագույն արդյունքն է: Եվ, եթե մենք զարմանում ենք, ապա առավել ևս պետք է շահագրգռված լինենք գաղտնիքի բացահայտմամբ, ոչ թե բացահայտման բարդությունից մեզ ազատելու համար ընդունենք մի անհեթեթ տեսակետ, թե բարդության աճի հեղինակը նույնպես բարդ օրգանիզմ է, որի կառուցվածքի բարդության գաղտնիքն արդեն անհասանելի է մեզ և ուրեմն արժե սահմանափակվել այսքանով: Հարցերի պատասխանների պարզությունը մեզ չի ազատում հարցից, անհրաժեշտ է հավանական, խելամիտ պատասխան: Եթե մեզ հայտնի չէ աշխարհի ստեղծման ու էվոլյուցիայի նախահիմքը, սկզբնապատճառը, դա մեզ հիմք չի տալիս ընդունել առաջին պատահած տեսությունը, այլ հիմք է տալիս վերլուծել առավել հավանական՝ իրականությանը հնարավորինս մոտ տեսությունները ու տատանվել դրանց մեջ այնքան ժամանակ, քանի դեռ տեսույթուններից որևէ մեկը վերջնականապես չի հաստատվել: 
Աղբյուր` Հեղինակ՝ Արև Սողոյան