Աթեիզմը աստվածների, ոգիների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական երևույթների հավատը անհիմն համարող հայացքների համակարգ է: Ըստ աթեիստների՝ ճշմարիտ կրոն չկա, քանզի մարդն ինքն է հորինել աստվածներին և ինքն է հիմնել կրոնական հաստատությունները: Դրա համար կարող են տարբեր դրդապատճառներ եղած լինել. անհասկանալի երևույթների բացատրություն, թույլերի համար ապրելու հույս, կարգապահություն հասարակության մեջ և ամենակարևորը՝ կրոնը կարևորագույն ուժ է եղել իշխանության ձեռքում: 

Աթեիստների կարծիքով՝ մեր օրերում կրոնն ավելի շատ վնասներ է հասցնում մարդկությանը. այն հարուցում է թշնամանք, արյունահեղություն և պատերազմներ, խոչընդոտում է գիտությանն ու մարդկային բանական մտածողությանը, ճնշում է կանանց և այլն: Կրոնի միջոցով որոշ անհատներ մանիպուլյացիայի են ենթարկում լայն հասարակությանը՝ իշխանություն ձեռք բերելու և սեփական գրպանները լցնելու նպատակով:

Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։ Այն հակադրվում է թեիզմին, որն իրենից ներկայացնում է առնվազն մեկ Աստծո գոյության հավատ:

Աթեիզմին բնորոշ է այն համոզմունքը, որ բնական աշխարհը (բնությունը) ինքնաբավ է, և բոլոր կրոններն ունեն մարդկային (ոչ գերբնական) ծագում: Այն մարդիկ, որոնք իրենց համարում են աթեիստներ, կասկածամտորեն են վերաբերվում ցանկացած գերբնական ուժի կամ երևույթի, քանզի դրանք չունեն իրենց գոյության հիմնավորումը: Ոմանք հակվում են աթեիզմի՝ հիմնվելով փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության վրա: Շատ աթեիստներ համարվում են հումանիզմի և նատուրալիզմի հետևորդներ: Գոյություն չունեն համընդհանուր վարքի այնպիսի նորմեր, որ բնորոշ լինեն բոլոր աթեիստներին:

Ի սկզբանե «աթեիզմ» տերմինը վերաբերում էր բոլոր այն մարդկանց կամ ուսմունքներին, որոնք կոնֆլիկտի մեջ էին գոյություն ունեցող կրոնների հետ: Միայն հետագայում այդ տերմինը սկսեց որոշակի փիլիսոփայական դիրքորոշում արտահայտել: 

(«Ես այստեղ Աստված չեմ տեսնում...» Յուրի Գագարին 1961)